ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ հայկական կողմի՝ Ադրբեջանին ուղարկած առաջարկների վերաբերյալ Բաքվից դեռեւս պատասխան չի ստացվել:
«Ինչպես նախկինում հայտարարել էինք, դեկտեմբերին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի առաջարկները։ Այս պահի դրությամբ արձագանք չունենք»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նշել է Հունանյանը:
2022-ի դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Բաքուն դեռեւս պատրաստ չէ ամբողջական պատասխան տալու խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երեւանից փոխանցված առաջարկներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին հայտարարել էր, որ Հայաստանը դեռ մի քանի ամիս առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի հետագա աշխատանքների վերաբերյալ իր առաջարկները: Երեւանը նաեւ առաջարկներ է ուղարկել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ։