Ըստ ԵԱՀԿ դիտորդական հատուկ առաքելության՝ Լուգանսկի մարզում վերջին մեկ օրում գրանցվել է կրակի դադարեցման 427, Դոնեցկի մարզում՝ 594 խախտում: Նախորդ օրվա համեմատ՝ խախտումներն ավելացել են Դոնեցկի մարզում՝ 2 ու կես, Լուգանսկի մարզում՝ 14 անգամ (համապատասխանաբար 225 եւ 31 խախտում):
ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ սահմանափակված էր իր տեղաշարժման ազատությունը երկրում՝ մասնավորապես Դոնեցկի մարզի Ալեքսանդրովկայի եւ Կոնստանտինովկայի մատույցներում:
Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցում «խոր անհանգստություն» է արտահայտել Ուկրաինայի սահմանին ռուս զինվորականների տեղաշարժի առիթով:
Բորելը մտադիր է թեման բարձրացնել Եվրամիության արտգործնախարարների առաջիկա գագաթաժողովի քննարկմանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր անդրադարձել է Ռուսաստանի ռազմական ակտիվության, մասնավորապես, Ռոստովի շրջանում բանակի ստորաբաժանումների տեղաշարժի հետ կապված՝ Եվրամիության ղեկավարների մտահոգությանը:
Ուկրաինային առնչվող մտահոգությունների առումով Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը սպառնալիք չէ այլ պետությունների, նաեւ՝ Ուկրաինայի համար:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ոուսական բանակը տեղաշարժվում է երկրի պաշտպանության համար անհրաժեշտ եղանակով եւ նպատակահարմար ուղղություններով՝ ուշադրության կենտրոնում պահելով սեփական անվտանգությունն ապահովելու հարցը:
Հավելենք, որ այսօր առավոտյան Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ընդդիմադիր հարթակ հանուն կյանքի» խմբակցության անդամ Իլյա Կիվան հայտարարել է, որ Դոնբասում երկիրը լայնամասշտաբ պատերազմի շեմին է, որը կընդգրկի ամբողջ Ուկրաինան:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի եւ ԱՄՆ գլխավոր շտաբերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլիի մասնակցությամբ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ առաջին հեռախոսազրույցում իր աջակցություն էր առաջարկել Դոնբասում եւ Ղրիմում ռուսական ագրեսիային առերեսված Ուկրաինային:
Սպիտակ տան առաջնորդը հիշեցրել էր, որ 2015-ից ի վեր ԱՄՆ-ը Կիեւին՝ երկրի անվտանգության ամրապնդման նպատակներով ավելի քան 2 միլիարդ դոլարի օգնություն է ցուցաբերել, հավելելով, որ Միացյալ Նահանգները կնպաստի Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանմանը: