Մերի Անդրանիկի Հակոբյանը մասնագիտությամբ բանասեր-արեւելագետ է։ Ուկրաինայի ՆԳ համակարգում զբաղեցրել է միջազգային համագործակցության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ 2021 թվականի օգոստոսին նշանակվել է փոխնախարար։
Ուկրաինայի ժողովուրդը, ինչպես արդեն համոզվել է ողջ քաղաքակիրթ աշխարհը, բավականին կարծր ու հստակ է աշխարհայացքի ձեւավորման իր նպատակներում, եւ դա իշխանությունների կամքը չէ, դա առանձին քաղաքական գործիչների կամքը չէ։ Դա ժողովրդի կամքն է, եւ ժողովուրդը հստակ հասկանում է, թե ինչպես է ուզում ապրել, ինչ նպատակների է ձգտում եւ ինչ ապագա է ուզում կառուցել իր երեխաների համար։
Այս պատերազմը պարտադրված է մեզ, եւ այն ռուսալեզու բնակչությանը փրկելու որեւէ հիմք չունի։ Պետական ծառայության գրասենյակում նստած՝ ես ձեզ հետ ռուսերեն եմ խոսում։ Հետեւաբար այս պատերազմը ոչ այլ ինչ է, քան ուկրաինական յուրաքանչյուր տան վրա ազդեցություն ունենալու եւ ամբողջ իրավիճակը վերահսկելու Ռուսաստանի հավակնությունների պատերազմ։
Ազգային եւ կրոնական հանդուրժողականության մակարդակն այնքան բարձր է, որ ծնվելով Ուկրաինայում, ողջ կյանքս ապրելով Ուկրաինայում հայի ազգանունով՝ երբեք ո՛չ կարիերայի աճի ընթացքում, ո՛չ առօրյա կյանքում իմ հանդեպ խտրականություն չեմ զգացել, որեւէ վիրավորական, նվաստացուցիչ դիրքորոշման չեմ հանդիպել, եւ ես դա միշտ եմ շեշտել։
Եվ սա չի վերաբերում որեւէ առանձին շրջանի, ամենուր է այդպես։ Դուք գիտեք, Ուկրաինայում մոտ 200 տարբեր ազգություններ են ապրում: Ղրիմում ապրում էին ավելի քան 130 ազգերի ներկայացուցիչներ՝ առանց հակամարտությունների կամ դրանից բխող զոհերի։ Եղել են կենցաղային դեպքեր, բայց դա չի եղել ազգության, կրոնի պատճառով, պարզապես «ես քեզ չեմ սիրում, ես քեզ ցավ կպատճառեմ, քանի որ դու վատ հարեւան ես»: Սակայն դա համակարգային երեւույթ չի եղել։
Ե՛վ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները, ե՛ւ բոլոր մյուս ժողովուրդները՝ թուրքեր, իրանցիներ, բոլորն Ուկրաինայի տարածքում իրենց զգում են Ուկրաինայի քաղաքացիներ՝ առաջին հերթին պաշտպանելով Ուկրաինայի շահերը, համագործակցելով առեւտրի, բիզնեսի ոլորտներում եւ պետական համակարգում:
Ուկրաինայի ժողովուրդը հստակ որոշել է, որ չի ցանկանում ապրել ավտորիտար համակարգում, այլ ցանկանում է զարգանալ, ձգտում է տնտեսական ու քաղաքական ազատության, կողմնակից է գլոբալիզմին։ Եվ նա ցանկանում է առնչվել այն հնարավորություններին, որոնք այսօր տալիս է աշխարհը։
Ոչ ոք չի ուզում վերադառնալ Խորհրդային Միություն: Մենք ունենք ազգային գաղափար, ըստ որի՝ ցանկանում ենք ազատ լինել։ Ուկրաինան հստակ որոշել է՝ ում հետ է ուզում բարեկամանալ, ինչ չափանիշներով է ցանկանում ապրել ուկրաինացին, ինչ արժեքներ է ցանկանում սերմանել իր երեխաների մեջ, եւ այդ նպատակով է Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացի ինքնաձիգ վերցրել ու պայքարում:
Սա էր պատճառը, որ հնարավոր չեղավ Ուկրաինան երեք օրում գրավել, ինչպես ծրագրել էին ռուս ռազմավարներն ու քաղաքական գործիչները, քանի որ իրենց պատկերացումները բխում էին հենց իրենց բնույթից եւ աշխարհայացքից։
Պարտադրված պարադիգմը, որ ռուսները եղբայրական ժողովուրդ են, հօդս ցնդեց, ու լրիվ հակառակն ապացուցվեց: Չի կարող եղբայրական ժողովուրդը մտնել իր եղբոր տուն ու սպանել երեխաներին, կանանց, ծերերին։ Եթե եկել ես պատերազմելու, գոնե կռվի՛ր քո դեմ զենքով կանգնածի հետ:
Ինչո՞ւ ես կռվում խաղաղ բնակչության հետ, ինչո՞ւ ես մտնում քաղաքներ ու գյուղեր եւ ամբողջությամբ ոչնչացնում այն ամենը, ինչ մարդիկ կառուցել էին իրենց համար։