Ապատեղեկատվությունը խեղաթյուրված կամ միտումնավոր կեղծ տեղեկության տարածումն է քարոզչական, ռազմական (թշնամուն մոլորեցնելը) կամ այլ նպատակների հասնելու համար: Այն տեղեկության մանիպուլյացիայի գործընթացն է՝ ինչ-որ մեկին մոլորեցնելը՝ թերի տեղեկություն տրամադրելով, համատեքստը խեղաթյուրելով:
Ըստ Oxford Living Dictionary-ի՝ հայեցակարգը մի փոքր այլ տեսք ունի: Այն սահմանում է ապատեղեկատվությունը որպես «կեղծ տեղեկատվություն կամ քարոզչություն, որն ուղղված է ապակողմնորոշելուն, որը ստեղծել են կառավարական կազմակերպություններն ընդդեմ ընդդիմության կամ լրատվամիջոցների»։
Նման ազդեցության նպատակը միշտ նույնն է. հակառակորդը պետք է գործի այնպես, ինչպես պետք է մանիպուլյատորին։
Հետեւաբար ապատեղեկատվության ստեղծումը եւ տարածումը գիտակցված գործունեություն են, կեղծ տպավորություն ստեղծելու եւ, համապատասխանաբար, օբյեկտը դեպի ցանկալի գործողությունների կամ անգործության մղելու համար: «Ապատեղեկատվության» բնորոշ առանձնահատկությունն այն է, որ այն ակտիվորեն կիրառվում է պատերազմի ժամանակ՝ անկախ նրանից՝ պատերազմը «տաք» է, թե «սառը»։
Ապատեղեկատվության ստեղծման եւ տարածման ինստիտուտի զարգացման գործում ԽՍՀՄ-ի դերի մասին կարծիք է արտահայտված Վաշինգտոն Փոստի հոդվածում․ «Before fake news, there was Soviet disinformation» («կեղծ լուրերից առաջ» կար սովետական «ապատեղեկատվությունը»):
Վերոնշյալ ապատեղեկատվական արշավները նորություն չեն. հիշենք պատերազմի ժամանակ պրոպագանդայի մասին, որն օգտագործվում էր հասարակական կարծիքը թշնամու դեմ ուղղելու համար: Նորույթը, սակայն, համացանցի եւ սոցիալական ցանցերի օգտագործումն է: Սոցիալական ցանցերի միջոցով ապատեղեկատվության տարածումը կարող է փոխել ընտրությունների արդյունքները, ամրապնդել կոնսպիրացիոնիզմը (դավադրության տեսություն) եւ տարաձայնություններ սերմանել:
Սթիվեն Սմիթը՝ MIT-ի Լինքոլն լաբորատորիայի AI ալգորիթմներ խմբի ներկայացուցիչը, նպատակ էր դրել ավելի լավ հասկանալու այս արշավները՝ գործարկելով Ազդեցության գործողությունների հետախուզություն (RIO) ծրագիրը: Նրա նպատակն էր ստեղծել մի համակարգ, որն ավտոմատ կերպով կբացահայտեր ապատեղեկատվություն պարունակող նյութերը, ինչպես նաեւ նրանց, ովքեր տարածում են դրանք սոցիալական ցանցերում:
RIO համակարգը եզակի է դարձնում այն, որ այն համատեղում է մի քանի վերլուծական տեխնիկա, որը թույլ է տալիս պարզել, թե որտեղ եւ ինչպես է տարածվում ապատեղեկատվությունը:
RIO համակարգի փորձարկման ժամանակահատվածում թիմը հավաքել է 28 միլիոն թվիթերյան գրառում 1 միլիոն օգտահաշիվներից՝ պարզելու, թե որ գրառումներն են ապակողմնորոշող, եւ ով է պատասխանատու ապատեղեկատվության տարածման համար: Այդ համակարգը վերլուծել է օգտահաշիվները եւ հայտնաբերել ապատեղեկատվություն տարածողներին 96% ճշգրտությամբ։
«Ընտրված հաշիվները» հետագայում վերլուծվում են, եւ համակարգը կենտրոնանում է նրանց լեզվի եւ օտարերկրյա լրատվամիջոցների հետ փոխգործակցության վրա: RIO համակարգը կարող է հայտնաբերել ե՛ւ չաթ-բոտերին, ե՛ւ մարդկանց, որոնք որոշակի ապատեղեկատվություն տարածող աղբյուրներ են: Համակարգը կարող է օգտագործվել կառավարությունների եւ այլ ոլորտների կողմից ապատեղեկատվության տարածումը կասեցնելու համար։
Ապատեղեկատվության դեմ պայքարի մի քանի այլընտրանք կա, որոնք կարող են իրականացվել տարբեր ինստիտուտների կողմից:
Կառավարությունները կարող են խրախուսել անկախ, պրոֆեսիոնալ լրագրությունը: Հասարակությանը անհրաժեշտ են լրագրողներ, որոնք կօգնեն հասկանալու բարդ իրադարձությունները եւ հաղթահարելու սոցիալական, տնտեսական եւ քաղաքական իրադարձությունների անընդհատ փոփոխվող բնույթը: Կարեւոր պայման է ունենալ անկողմնակալ եւ պրոֆեսիոնալ Չորրորդ իշխանություն։
Կառավարությունները պետք է խուսափեն բովանդակության գրաքննությունից եւ առցանց հարթակներին ապատեղեկատվության համար պատասխանատվության ենթարկելուց: Սա կարող է սահմանափակել խոսքի ազատությունը՝ ստիպելով մարդկանց վարանել կիսվելու իրենց քաղաքական հայացքներով՝ վախենալով, որ դրանք կարող են գրաքննվել: Նման չափազանց սահմանափակող կարգավորումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել եւ ակամա խրախուսել ավտորիտար ռեժիմներին թուլացնելու խոսքի ազատությունը:
Մեդիա արդյունաբերությունը պետք է շարունակի կենտրոնանալ բարձրորակ լրագրության վրա, որը վստահություն է ներշնչում եւ մեծ լսարան է գրավում: Շատ մեդիա կազմակերպություններ վերջին մի քանի տարիների ընթացքում հասել են ընթերցողների եւ դիտողների թվի զգալի աճի, սակայն դրա հետ մեկտեղ վերջին տարիներին ԶԼՄ-ների նկատմամբ հանրային վստահության կտրուկ անկում է նկատվել: Աղետների, քաոսի եւ անկարգությունների ժամանակ աշխարհին անհրաժեշտ է ուժեղ եւ ճկուն լրատվամիջոց, որը քաղաքացիներին կտեղեկացնի ընթացիկ իրադարձությունների մասին:
Տեխնոլոգիական ընկերությունները պետք է ներդրումներ կատարեն տեխնոլոգիաների մեջ՝ կեղծ լուրեր գտնելու եւ դրանք ալգորիթմների եւ քրաուդսորսինգի միջոցով բացահայտելու համար: Կան կեղծ լուրերի եւ ապատեղեկատվության հայտնաբերման նորամուծություններ, որոնք օգտակար են մեդիա հարթակների համար: Օրինակ՝ կեղծ լուրերի հայտնաբերումը կարող է ավտոմատացված լինել, եւ սոցիալական մեդիա ընկերությունները պետք է ներդրումներ կատարեն իրենց համակարգերում այդ ծրագրերը ներդնելու համար:
Մեդիա գրագիտության կրթական ծրագրերի ֆինանսավորումը պետք է լինի կառավարությունների առաջնահերթությունը: Նման ծրագրերը պետք է օգնեն մարդկանց դառնալու առցանց տեղեկատվության ավելի «որակյալ» սպառողներ: Ներդրումներ պետք է արվեն լրագրողների, ընկերությունների, կրթական հաստատությունների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների միջեւ համագործակցությանը նպաստելու, մեդիագրագիտությունը խրախուսելու համար:
Քրիստինե Խանոյան
«Թվային կայուն միջավայրի ամրապնդումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է DCN (Digital Communication Network)-ի եւ CRI (Civic Resillence Initiative)-ի կողմից Հայաստանում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ: