Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերահաստատել է Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ տեղաշարժն ապահովելու իր կոչը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներկա իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022-ի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները քարտուղարությունը բարձրաձայնել է նաեւ 2022-ի դեկտեմբերի 20-ին Հայաստանի հայցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում։
«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչերը՝ թուլացնելու լարվածությունը եւ ապահովելու միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ ըստ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, նա իր աջակցությունն է հայտնում միջնորդական ջանքերին»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել է Դյուժարիկը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտնել է նաեւ, որ ՄԱԿ-ի ներկայացուցչությունները Հայաստանում եւ Ադրբեջանում շարունակում են տեղում բաց պահել կապն իշխանությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ ու պատրաստ են արձագանքելու, եթե լինի դիմում, եւ թույլ տան պայմանները։