Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնություններին՝ Սուրբ Հարության տոնի առթիվ:
Տոնական ուղերձում մասնավորապես ասված է. «Անկեղծորեն շնորհավորում եմ տարբեր եկեղեցիների եւ խմբերի պատկանող մեր քրիստոնյա քաղաքացիներին՝ ամենակարեւոր տոներից մեկի ՝ Զատկի տոնի առթիվ:
Մեր երկրի յուրաքանչյուր բնակչի ստեղծած հարուստ խճանկարը բացառիկ օրինակ է աշխարհի համար՝ փոխադարձ հարգանքի հիման վրա խաղաղության եւ ազատության մեջ միասին ապրելու առումով:
Սուրբ Հարության տոնի առթիվ մեր երկրի քրիստոնյա քաղաքացիների զգացած ուրախության հետ միասին, ես համոզված եմ, որ այն արժեքները, ինչպիսիք են միասնությունն ու համերաշխությունը, փոխանցվելու են սերնդեսերունդ»:
Նշենք, որ Թուրքիայի նախագահն ավանդաբար շնորհավորում է երկրի քրիստոնյաների գլխավոր տոները: