ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2023-ին Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների զորավարժություններ տեղի չեն ունենա։ «Պաշտպանության նախարարը արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկանցնելը նպատակահարմար չենք համարում, եւ դրանք, այս տարի համենայնդեպս, չեն կայանա»,– ասաց նա։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում:
Խոսելով ՀՀ անվտանգության երաշխիքների մասին` վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՌԴ-ն Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորն է։ Նա հավելել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի առաջնային մտահոգությունը ՌԴ-ի հետ եղել է այն, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ սուվերեն տարածքի վրա։
«Հայաստանը հավաստիացումներ է ստացել, թե իր սահմանները կարմիր գծեր են երկրի գործընկերների եւ դաշնակիցների համար։ 2021-ի մայիսի իրադարձություններից հետո մենք կոնկրետ գործողություններ ենք ակնկալել ՌԴ-ից եւ անվտանգային ոլորտի մեր գործընկերներից։ Ի պատասխան մեր նամակների՝ ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մինչեւ սահմանները դեմարկացված չեն»,- շեշտել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ հակասություն է առաջացել, քանի որ այդ դեպքում անհասկանալի է, թե որտեղ են անցնում այդ կարմիր գծերը։ Փաշինյանը նշել է, որ նոյեմբերին Երեւանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովում հայկական կողմը հասկացրել է, որ առանց այդ հարցի պարզաբանման մտադիր չէ որեւէ փաստաթուղթ ընդունել։