Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան աջակցում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Կիեւի ներկայացրած ծրագրին, որը բաղկացած է 10 կետից։ Նա հավելել է, որ Անկարան աշխատում է այդ ուղղությամբ։ Ավելի վաղ ամերիկյան Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմն ավարտում է տասը կետից բաղկացած խաղաղ կարգավորման ծրագիրը եւ մտադիր է ներկայացնել իր գաղափարները փետրվարին։
Ըստ Չավուշօղլուի՝ թուրքական կողմը հույս ունի, որ Ուկրաինայում իրավիճակը կկարգավորվի բանակցությունների սեղանի շուրջը։ «Ռուսաստանն այժմ բանակցելու պատրաստակամություն է հայտնում, Զելենսկին 10 կետից բաղկացած ծրագիր է առաջ քաշել։ Մենք աջակցում ենք այդ ծրագրին, աշխատում ենք դրա վրա։ Թուրքիան ակտիվ աշխատանք է տանում այդ ուղղությամբ»,- նշել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունը կցանկանար փետրվարի վերջին խաղաղ գագաթնաժողով անցկացնել ՄԱԿ-ի հարթակում կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ` որպես հնարավոր միջնորդի: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակում նշել են, որ Գուտերեշը պատրաստ է միջնորդությանը միայն բոլոր կողմերի, դրանց թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ։