Ըստ Al-Arabiya հեռուստաալիքի՝ թալիբների ձեւավորած Աֆղանստանի կառավարությունը երկրում նոր սահմանափակումներ է մտցրել կանանց նկատմամբ: Թալիբների կառավարության բարձրագույն կրթության նախարարությունը կարգադրել է Աֆղանստանի մասնավոր եւ պետական համալսարաններում դադարեցնել ուսանողուհիների ուսումնառությունը: Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարը հայտարարել է, որ աշխարհիկ բուհերում աղջիկների կրթությունը խախտում է իսլամի օրենքները եւ հակասում իսլամական ավանդույթներին։
Աֆղանստանի լրատվամիջոցները հաղորդել են նաեւ, որ թալիբների կառավարությունը 10-օրյա ժամկետ է սահմանել կանանց գեղեցկության սրահները փակելու համար: Նրանք հավելել են, որ Աֆղանստանի իշխանությունները նաեւ կարգադրել են արգելել կանանց աշխատելու առեւտրի կենտրոններում։
Ավելի վաղ «Թալիբան» շարժումը Աֆղանստանում գործող բոլոր տեղական եւ միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին կարգադրել էր դադարեցնելու իգական սեռի աշխատակցուհիների աշխատանքը։