Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի՝ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու փակման պատճառով Արցախի դեղատներում որոշ տեսակի դեղամիջոցների եւ մանկական կերերի անհրաժեշտությունն ավելի է զգացվում։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի մայրաքաղաքում գործող «Գեդեոն Ռիխտեր» դեղատների ցանցի դեղագետ Շուշան Նազարեթյանն ասել է, որ այս պահի դրությամբ կաթնախառնուրդների, մանկական տակդիրների ու հակաբիոտիկների մեծ պահանջարկ կա։ Ցանցում չկան նաեւ շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցներ, ինսուլինի ներարկիչներ։ Եվ եթե այս իրավիճակը պահպանվի եւս մեկ շաբաթ, ապա դեղատունն ամբողջությամբ կդատարկվի։
«Լի Ֆարմա» դեղատան դեղագետ Լիլիթ Բարսեղյանը նշել է, որ քաղաքացիների շրջանում մեծ է ջերմիջեցնող ու զարկերակային ճնշումը կարգավորող դեղերի պահանջարկը։ Ըստ Ստեփանակերտում գործող «Էլեն» դեղատան սեփականատեր, դեղագետ Էլեոնորա Գրիգորյանի` շուրջ 40 տարվա ընթացքում նման իրավիճակում չէին հայտնվել։