Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը հայտնել է, որ ՀՀ-ում 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննություններին սպասվածից ավելի շատ դիմորդ է հայտագրվել։ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կկայանան հունվարի 15-ից փետրվարի 12-ը։
Միասնական քննությունների առաջին փուլին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել բուհերում։ Ըստ Նասիբյանի՝ սպասվում էր, որ նրանց թիվը կարող էր լինել 3000-5000, բայց ներկա դրությամբ հայտագրվել է 6871 դիմորդ։ Նա հավելել է, որ ամենից շատ՝ 3139 դիմորդ է հայտագրվել «Անգլերենի» քննությունը հանձնելու համար։ 2950 դիմորդ ցանկանում է հանձնել «Մաթեմատիկա», 2018 դիմորդ էլ հայտագրվել է «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննությունը հանձնելու համար։
ԳԹԿ փոխտնօրենն ընդգծել է, որ մյուս առարկաներից քննություն հանձնողների թիվը 1000-ից պակաս է` «Կենսաբանություն»՝ 887, «Քիմիա»` 738, «Հայոց պատմություն»` 582 դիմորդ, մյուս առարկաների դեպքում ցանկացողներն ավելի քիչ են։ Ըստ գործող կարգի՝ այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի եւ մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից: