Թուրքիայի նախագահի աշխատակազմի անանուն աղբյուրը Թուրքիայից Ուկրաինա ամերիկյան նմուշի կասետային զինամթերքի մատակարարումների մասին հաղորդագրությունն ապատեղեկատվություն է որակել։ «Մի՞թե չեք տեսնում, որ Թուրքիան միակ երկիրն է, որն աշխատում է խաղաղության հաստատման ուղղությամբ: Նախագահ Էրդողանը միակ ղեկավարն է, որը կարող է խոսել երկու առաջնորդների հետ, որին վստահում են: Նման տեղեկությունը ծառայում է նրանց շահերին, ովքեր ցանկանում են խաթարել խաղաղ կարգավորման մեր ջանքերը», — հայտարարել է անանուն զրուցակիցը։
Հունվարի 11-ին ավելի վաղ Foreign Policy պարբերականը հայտնել է, որ Թուրքիան 2022-ի նոյեմբերից Կիեւին կասետային ռումբեր է մատակարարում։ Սառը պատերազմի ժամանակաշրջանում ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրության համաձայնագրով արտադրված (Dual-Purpose Improved Conventional Munition, DPICM) ռումբերը նախատեսված են տանկերը ոչնչացնելու համար։ Ուկրաինան մի քանի ամիս անհաջող փորձել է ԱՄՆ-ից կասետային զինամթերք ստանալ։ Պարբերականի անանուն աղբյուրը նշել է, որ երբ Միացյալ Նահանգները մերժեց Կիեւին, Թուրքիան դարձավ միակ երկիրը, որտեղից նրանք կարողացան ձեռք բերել դրանք:
Ավելի ուշ ՌԴ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոփին խնդրել էր դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային հակամարտության հետագա սրացումից խուսափելու համար։