Իրանական ԻՐՆԱ գործակալութունից հայտնել են, որ Թեհրանում Իրաքի դեսպան Նասիր Աբդ-օլ-Մոհսեն Աբդուլլային հրավիրել են Իրանի ԱԳՆ այն բանից հետո, երբ մի շարք իրաքցի քաղաքական գործիչներ Պարսից ծոցի ազգերի գավաթի ֆուտբոլային մրցաշարի ընթացքում Պարսից ծոցն «Արաբական» են անվանել:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ հակառակ նրան, որ Իրանն Իրաքի հետ ռազմավարական եւ եղբայրական հարաբերություններ ունի, անկեղծորեն ներկայացվել է իրանական կողմի բողոքը Պարսից ծոցը «Արաբական» անվանելու կապակցությամբ։ «Իրաքի դեսպանին կանչել ենք ԱԳՆ եւ իրաքյան կողմին բացատրել… իրանցի ժողովրդի զգայունությունը Պարսից ծոցի ճշգրիտ եւ ամբողջական անվան օգտագործման հարցում»,- շեշտել է Իրանի արտգործնախարարը:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մրցաշարի բացման ժամանակ Պարսից ծոցն անվանել էր «Արաբական»: Ազդեցիկ քաղաքական գործիչ, իրաքյան շիական «Մահդիի բանակ» կիսառազմական կազմակերպության առաջնորդ Մուքթադա աս Սադրն իր թվիթերյան գրառման մեջ ողջույնի խոսք ասելիս նույն լեզվական վրիպումն է արել:
Տեղեկանք
Պարսից ծոցի ազգերի գավաթը Պարսից ծոցի երկրների՝ Բահրեյնի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի եւ Կատարի նախաձեռնությամբ 1968-ից երկու տարին մեկ անցկացվող ֆուտբոլային մրցաշար է: 25-րդ գավաթն անցկացվում է 2023-ի հունվարի 6-19-ը Իրաքի Բասրա քաղաքում։