Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ընդունվել է հայտարարություն, ըստ որի` ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ եւ տեսակետներ Արցախում մտահոգություն են առաջացրել, քանի որ չեն համապատասխանում թե՛ համազգային պայքարի գաղափարներին եւ թե՛ Արցախի բնակչության եւ իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:
«Գիտակցում ենք բոլոր այն հետեւանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից, եւ վերահաստատում ենք մեր այն դիրքորոշումը, որ Արցախի ինքնիշխանությունը եւ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են»,– ասված է հայտարարության մեջ։ Նշվում է նաեւ, որ որեւէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող հետ պահել պայքարը շարունակելու որոշումից: Միաժամանակ ՀՀ իշխանություններին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու եւ պաշտպանելու դիրքորոշմամբ։ Արցախի ԱԽ-ն չի մանրամասնել, թե Փաշինյանի որ հայտարարությունը նկատի ունի։
Հունվարի 10-ին Փաշինյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով։ Մասնավորապես, նա նշել էր, որ ՀՀ իշխանությունները բանակցությունների ընթացքում ԼՂ-ի, ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չեն ցուցաբերում։ Բացի դրանից,“Փաշինյանը նշել էր, թե ինչպես ներկայում, այնպես էլ անցյալում միջազգային հանրությունը ԼՂ-ն ընկալել է որպես Ադրբեջանի մաս։ Ըստ նրա` Հայաստանը չէ, որ պետք է որոշի ԼՂ-ի հարցը, այլ Արցախի ժողովուրդը պետք է հաղորդակցության մեջ լինի Ադրբեջանի իշխանության հետ։