Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 538 ուսուցիչ եւս այսուհետեւ կօգտվի սոցիալական փաթեթի շրջանակում տրամադրվող ծառայություններից։ Հունվարի 1-ից սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ, ընդլայնվել է շահառուների շրջանակը։
Արդյունքում վերականգնվել է այն հիմնադրամների աշխատողների սոցփաթեթից օգտվելու իրավունքը, որոնք, նախկինում լինելով պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատողներ, եղել են սոցփաթեթի շահառու, սակայն տվյալ ՊՈԱԿ-ի՝ վերակազմակերպման արդյունքում հիմնադրամներ դառնալուց հետո այլեւս սոցփաթեթի շահառու չեն եղել։
Սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկը լրացվել է նոր պետական կազմակերպություններով՝ նույն ոլորտում գործունեություն ծավալող նույնատիպ կազմակերպությունների (հանրակրթական ծրագրերով ուսուցանող դպրոցների եւ վարժարանի) աշխատողների համար միատեսակ սոցիալական երաշխիքներ նախատեսելու եւ սոցիալական արդարության պահպանման նպատակով։