ՀՀ կենտրոնական բանկից հայտնել են, որ հունվարի 14-ից 100 հազար դրամը գերազանցող արտարժույթի փոխանակման ժամանակ բանկերը պահանջելու են անձնագիր: Ներկայում այս շեմը գործում է վարկային կազմակերպությունների եւ փոխանակման կետերի համար: Մինչ փոփոխության ուժի մեջ մտնելը բանկում արտարժույթի առքուվաճառքի գործարք անելիս հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր էր 400 հազար դրամի շեմը գերազանցող գործարքների դեպքում։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը «Առաջինի լրատվական ալիք»-ին հայտնել է, որ գործընթացը թափանցիկ կլինի նաեւ եկամուտների համատարած հայտարարագրման ներդրման գործընթացի համար։ Ըստ փորձագետի՝ եթե քաղաքացին ստվերային եկամուտներ չի ստանում կամ փողերի լվացման գործընթացում ներգրավված չէ, մտահոգվելու առիթ էլ չպետք է ունենա:
ՀՀ կենտրոնական բանկի հավաստմամբ՝ փոփոխության նպատակն է սահմանել միասնական մոտեցում արտարժույթի առքուվաճառք իրականացնող մասնագիտացված բոլոր սուբյեկտների համար:
2022-ի հունվար-նոյեմբերի տվյալով՝ ֆիզիկական անձանց անունով Հայաստան է փոխանցվել շուրջ 4 միլիարդ 600 միլիոն դոլար: