Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում շատ են անդրադառնում փոքր եւ միջին բիզնեսին ու դրա զարգացմանը։ Վերջին անդրադարձը եղել է հունվարի 9-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: «Ներկայացրել են փոքր եւ միջին ձեռներեցության (ՓՄՁ) խթանման միջոցառումները»,- նշված է գերատեսչական հաղորդագրության մեջ։ Բայց թե ինչ են քննարկել, ինչ գնահատականներ են հնչեցրել ոլորտի վերաբերյալ կամ ինչ միջոցառումներ են պատրաստվում իրականացնելու, որեւէ խոսք չկար։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անցած տարեվերջին մի քանի անգամ անդրադարձել էր ոլորտին ու ասել, թե «տնտեսական այս աճը վկայում է, որ ՓՄՁ-ների դերը մեծանում է»։ Նախարարը նաեւ հավելել էր, թե ՓՄՁ-ների տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում մոտ 27 տոկոս է:
Իրականում ի՞նչ վիճակում է փոքր ու միջին բիզնեսը մեր երկրում, եւ իսկապե՞ս մեր տնտեսության մեջ այդ ոլորտի դերը գնալով մեծանում է, որ պետության ղեկավարները սկսել են հպարտանալ դրանով։ «Գտնում եմ, որ այս պահին Հայաստանի տնտեսության մեջ ՓՄՁ-ների դերը շատ ցածր է։ Երբ ՓՄՁ-ները գեներացնեն ՀՆԱ-ի 51 տոկոսը, դա կլինի բավականին լավ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում 51 տոկոս է, մեր երկրում ընդամենը 27 տոկոս է»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Սամսոն Գրիգորյանը։
Համեմատության համար փորձագետները վիճակագրություն են ներկայացնում, թե եթե Եվրոպայում 40 փոքր ձեռնարկություններից աճում է մեկը, Հայաստանում 500-ից է մեկն աճում։ Փոքր եւ միջին բիզնեսն ընդհանրապես համարվում է տնտեսության շատ կարեւոր, անգամ ռազմավարական նշանակության ոլորտ։ Զարգացած, տնտեսության մեջ մեծ կշիռ ապահովող ՓՄՁ ունեցող երկրները կախված չեն լինում մի քանի խոշոր գործարարներից ու նրանց կամքից։ Ինչպես, օրինակ, տարիներ առաջ ու նաեւ հիմա Հայաստանում է։
Նախկինում շատ էր հնչում մտահոգությունը, թե Հայաստանի տնտեսությունն ընդամենը 40-50 ընտանիքի ձեռքում է։ Հանրությունն էլ դա շատ լավ գիտեր եւ տեղյակ էր, թե իշխանություններին մոտ կանգնած որ ընտանիքը, որ օլիգարխն ու գործարարն ինչ բիզնես ունի։ Հատկապես լայն սպառման ապրանքների ներկրման ու մեծածախ իրացման բիզնեսը քվոտավորված էր, ու իշխանություններն էին որոշում, թե իրենց շրջապատի գործարարներից ում ինչ է բաժին հասնում։ Բենզինն ու դիզվառելիքը, ալյուրը, շաքարավազը, ձեթը, կարագը, շինանյութն ու լայն սպառման բազմաթիվ ապրանքներ ներկրում էին բոլորիս հայտնի գործարարները։ Իշխանությունները պատահական մեկին թույլ չէին տալիս ճեղքել իրենց ստեղծած «տնտեսական» պատնեշը։
Ճիշտ է, հիմա նման քվոտավորում չկա, արգելքներ չկան, բայց արդյոք իրավիճակը փոխվել է։ Արդյոք շաքարավազի առյուծի բաժինն էլի բոլոր ժամանակների իշխանությունների սիրելի գործարարը չի ներկրում ու իրացնում։ Եվ ընդհանրապես նույն ընտանիքները չե՞ն բիզնեսի տերերը։
Եվ քանի որ Հայաստանի տնտեսության մեջ ամենաշատը առեւտրաշրջանառությունն է աճում, հետաքրքիր է հասկանալ, թե որքան է ՓՄՁ-ների դերն այդ ոլորտում։ Իշխանություններն ու վիճակագիրներն այդ մասին տվյալներ չեն հրապարակում, բայց առանց դրա էլ նկատելի է, որ առեւտրի առյուծի բաժինը պատկանում է խոշոր «սուպերմարկետներին», հատկապես՝ Երեւանում։ Եվ տնտեսության մեջ փոքր ու միջին բիզնեսի վիճակի ամենացայտուն պատկերացումը կարող է տալ հենց սուպերմարկետների եւ փոքր խանութների հարաբերակցությունը։
Փոքր Հայաստանում միայն շուրջ երեք տասնյակ սուպերմարկետներ ունի շաքարավազի, ձեթի, կարագի ու այլ ապրանքների խոշոր ներկրող Սամվել Ալեքսանյանը։ Վերջին երկու տասնամյակներում որ հատվածում նա բացել է իր հերթական «Երեւան սիթին», այնտեղ տասնյակ փոքր ու միջին խանութներ ու աշխատատեղեր են փակվել։ Եթե անգամ խոշոր սուպերմարկետը բացվել է նոր կառուցվող թաղամասում, որտեղ որեւէ խանութ չի էլ եղել, որ փակվի, միեւնույնն է, այդպիսով խոչընդոտել է փոքրերի բացումը։
Ինչո՞ւ միայն «Երեւան սիթին»։ Կան ՍԱՍ, «Զովք», «Չինարի», «Կրպակ», «Ծիրանի» եւ այլ սուպերմարկետների ցանցերը, որոնք իրենց ձեռքն են վերցրել առեւտուրն ու ոչնչացրել փոքրերին։
Այդ բոլոր տարիներին առաջարկներ են հնչել, որ փոքր ու միջին խանութներին չոչնչացնելու, մարդկանց իրենց բիզնեսից, աշխատանքից չզրկելու եւ նրանց արտագաղթի չմղելու, հարստությունը մի քանի անձանց ձեռքում չկենտրոնացնելու համար պետք է սահմանափակել սուպերմարկետների գործունեությունը։ Հեռացնել դրանց քաղաքի կենտրոնից, խոշոր ներկրողին արգելել իր ներմուծած ապրանքի մանրածախ վաճառք իրականացնելուց։ «Այո՛, դրանք գործիքներ են, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում։ Ժամեր են դրվում, որից հետո չեն կարող աշխատել, գոտիներ են դրվում, որտեղ չեն կարող աշխատել։ Նման տարբեր գործիքներ կան, որոնց միջոցով զսպվում է գործարարների ախորժակը։ Նման գործիքները բազմաթիվ են, դրանք հերթով պետք է հարմարեցվեն Հայաստանի տնտեսությանը»,- ասում է Սամսոն Գրիգորյանը։
Ավելին՝ սուպերմարկետներն այսօր դարձել են նաեւ արտադրողներ։ Նույն «Երեւան սիթին» լավաշի խոշորագույն արտադրող է, սուպերմարկետի ներսում թխում եւ վաճառում է։ Նաեւ խորոված եւ մսային այլ ուտեստներ է պատրաստում ու վաճառում։ Եվ որտեղ բացվում են այդ սիթիները, փակվում են ոչ միայն փոքր խանութները, այլեւ սննդի փոքր արտադրամասերն ու օբյեկտները։
Հիմա, երբ իշխանությունները սկսել են հաճախ հիշել ՓՄՁ-ների դերն ու նշանակությունը, արդյոք դրանց խոշորներից պաշտպանելու քայլեր անում են։ «Չեմ տեսնում, քանի որ իշխանությունների ընդունած վերջին օրենքները միտված չեն ՓՄՁ ոլորտի զարգացմանը։ Ամենավտանգավորը, որ իշխանությունները մտածում են շուտով շրջհարկը վերացնել»,- հավելում է Գրիգորյանը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։