Կառավարության որոշմամբ ՀՀ պետական պաշտոնյաներին սպասարկելու համար կհատկացվի շտապօգնության հատուկ ավտոմեքենա, որը կշահագործի ոչ թե Շտապօգնության ծառայությունը, այլ Պետական պահպանության ծառայությանը (ՊՊԾ)։ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին է նվիրել 2022-ի արտադրության «Տոյոտա TOYOTA HIACE 2.8 D» մակնիշի շտապօգնության 39 ավտոմեքենա: Դրանցից 38-ը կառավարությունը որոշել է փոխանցել «Շտապօգնություն» ՓԲԸ-ին, 1-ը` ՊՊԾ-ին։
Նույն որոշման շրջանակում նախատեսվում է «Շտապօգնություն» ՓԲԸ-ին փոխանցել առողջապահության նախարարությանն ամրացված 2020-ի արտադրության «FORD TRANSIT» մակնիշի շտապ օգնության 5 մեքենա եւ 2019-ի արտադրության «Nissan mini bus» մակնիշի 7 ավտոմեքենա։ Դրանց փոխարեն «Շտապօգնություն» ՓԲԸ-ն առողջապահության նախարարությանը կփոխանցի 2018-ի արտադրության «Ջինբեյ Բրենդ» մակնիշի 37 ավտոմեքենաներն ու 2011-ի արտադրության «FORD TRANSIT» մակնիշի շտապ օգնության 3 ավտոմեքենա:
Այս փոփոխությունների արդյունքում «Շտապօգնություն» ՓԲԸ-ի ավտոպարկը կհամալրվի 2020-2022 թվականների արտադրության 50 շտապօգնության ավտոմեքենաներով: Առողջապահության նախարարությունը կստանա 2011 եւ 2018 թվականների արտադրության 40, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)` 2022-ի արտադրության մեկ շտապօգնության ավտոմեքենա։