ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհեթեթ է անվանել Հայաստանի ղեկավարության, մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, թե Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Զախարովան նշել է, ռուս զինվորականները զգալի ներդրում ունեն Հայաստանի անվտանգության գործում։
«Տասնամյակներ շարունակ մեր զինվորականներն ու սահմանապահները նշանակալի ներդրում ունեն Հայաստանի անվտանգության ապահովման գործում՝ հսկելով երկրի սահմանները։ Սա օբյեկտիվ իրականություն է, որը չի կարելի հերքել»,- շեշտել է Զախարովան։ Ըստ նրա՝ ռազմական համագործակցությունը բխում է Հայաստանի ազգային շահերից։ ՌԴ ԱԳՆ-ի խոսնակը Հայաստանից ռուսական բազան դուրս բերելու կոչերի հեղինակներին արկածախնդիր է անվանել։ Զախարովայի կարծիքով՝ նրանք չեն գիտակցում նման քայլի հետեւանքները։
Դիվանագետը հավելել է, որ հայ եւ ռուս ժողովուրդներին կապում է դարերի վաղեմության ամուր բարեկամությունը։ Երկու երկրներն էլ սերտորեն համագործակցում են երկկողմ ձեւաչափով նաեւ այնպիսի հարթակներում, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն եւ ԱՊՀ-ն։