Հունվարի 12-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ղարիբաշվիլին մասնակցելու է նաեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին։ Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Ռեւազ Ջավելիձեն:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգության միջավայրին եւ մարտահրավերներին։ Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել միջնորդի դեր կատարել հարեւան երկրների միջեւ՝ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար։
Հունվարի 12-ին ավելի վաղ ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դա նշանակում է, որ երկու երկրների քաղաքացիները կարող են միմյանց երկիր այցելել առանց ժամկետային սահմանափակումների, իսկ սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով:
Նիստին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ ներկա պահին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է 1993-ի մայիսի 19-ի համաձայնագրով միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիները անձը հաստատող փաստաթղթով Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչեւ մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածքում՝ առավելագույնը 180 օր: