Գայանե Ավդալյանը ծնվել է Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է մայրաքաղաք եւ ընդունվել Կիեւի մշակույթի համալսարան։ Կրթություն ստանալուն զուգահեռ ուսումնական կենտրոնում ադմինիստրատոր, ապա պարուսույց է աշխատել։ Նա հայկական ազգային պարեր է սովորեցրել Կիեւում բնակվող բազմաթիվ հայերի։
Ուսումն ավարտելուց հետո Գայանեն լրագրողի եւ PR մենեջերի որակավորում է ստացել։ Որոշ ժամանակ անց ամուսնացել է եւ տեղափոխվել Կիրովոգրադի մարզի վարչական կենտրոն՝ Կրոպիվնիցկի քաղաք։ Մեկ տարի անց սկսվեց պատերազմը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Գայանեն ու նրա ամուսինն արթնացան ուղղաթիռների ձայներից։ Կրոպիվնիցկին չէր ռմբակոծվում, բայց աղմուկ էր, երկնքում բազմաթիվ ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ կային։ Քիչ անց նրան զանգահարեցին Բերդյանսկում բնակվող հարազատները, որտեղ ռազմական գործողություններ էին։
«Պատերազմն անսպասելի էր, ցայտնոտի մեջ էի։ Առաջին անհրաժեշտության իրերը պիտի հավաքեի, բայց այդ պահին այնքան էի հուզվել, որ չգիտեի ինչ վերցնել, ուստի արագորեն համացանցից կարդացի՝ ինչ պետք է դնել պայուսակում նման իրավիճակներում։ Ես եւ ամուսինս գնացինք նրա ծնողների բնակարան, որը մեզ բավական մոտ էր։ Հետո միասին շտապեցինք նկուղ»,- հիշում է Գայանեն։
Սկզբում թվում էր՝ պատերազմը շուտով կավարտվի։ Մի քանի օր անց Գայանեի ծննդավայր Բերդյանսկն անցավ Ռուսաստանի տիրապետության տակ։ Բարեբախտաբար նրա հարազատներից ոչ մեկը չէր տուժել։
«Կրոպիվնիցկիում ռազմական գործողություններ չէին ընթանում, բայց հարակից բնակավայրերում ռմբակոծություն ու հրթիռակոծություն էր, տեսնում էինք ռազմատեխնիկան, զգում էինք դղրդյունը։ Ես առողջության որոշակի խնդիրներ ունեի, եւ իմ վիճակն է՛լ ավելի վատացավ․ հոգեբանորեն շատ ճնշված էի։ Դեղերն այլեւս չէին օգնում։ Ամեն անգամ ռմբակոծության ձայներ լսելիս շտապում էինք նկուղ, ես անդադար սարսափի մեջ էի։ Հասկացանք, որ այլ ելք չկար․ պիտի հեռանայինք Ուկրաինայից»,- պատմում է Գայանեն։
Գայանեն բուժման կարիք ուներ։ Նա եւ ամուսինը 2022-ի մարտին որոշեցին տեղափոխվել Գերմանիա։ Նախ ուղեւորվեցին Լվով, որտեղից պետք է մեկնեին Լեհաստան, ապա՝ Գերմանիա։ Գայանեն սարսափով է հիշում այն օրը, երբ հասան Լվով (հեռավորությունը Ուկրաինա-Լեհաստան սահմանից՝ 82 կմ)։ Նա արդեն գիտեր՝ ճանապարհը շատ վտանգավոր էր․ ոմանք զոհվում էին այդ ճանապարհով անցնելիս։ Լվով հասնելու համար Գայանեն ու ամուսինը գտել էին այնպիսի վարորդի, որը պատմել էր՝ մի ճանապարհ գիտի, որտեղ վտանգները համեմատաբար քիչ են։ Նրանք հասան Լվով։ Այնտեղից Լեհաստան, ապա Գերմանիա տեղափոխվելը շատ հեշտ թվաց, քանի որ ամենամեծ դժվարությունն արդեն հաղթահարել էին՝ անցնելով այնպիսի հատվածներով, որտեղ մարտական գործողություններ էին ընթանում։ Մարտի 15-ին հասան Գերմանիա։ Մայիսին Գայանեի մայրը, իսկ հոկտեմբերին քույրն իր ընտանիքի հետ տեղափոխվեցին նրանց մոտ։ Հայրն այժմ Լեհաստանում է։
Գայանեն զտարյուն հայուհի է, բայց երկու հայրենիք ունի՝ Հայաստանը եւ Ուկրաինան։ Ասում է՝ Ուկրաինան իր սիրտն է, Հայաստանը՝ հոգին։ Տասն ամիս է, ինչ Գայանեն իր ամուսնու հետ ապրում է Գերմանիայում։ Այնտեղ կյանքի որակը բարձր է, լավ են վերաբերվում փախստականներին, բայց դեռ չի ընտելանում նոր երկրին ու միջավայրին։ Կարոտում է Ուկրաինան, հարազատներին։
Գերմանիայում փախստականներին ապահովել են կացարանով, անհրաժեշտ բոլոր պայմաններով, Գայանեն շարունակում է բուժվել, իսկ ամուսինն աշխատում է։
«Պատերազմն ամենասարսափելի բանն է, որ տեսել եմ։ Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը, հարազատների հետ անցկացրած ժամերը։ Հիմա բոլորս տխուր ենք։ Այդ աղետը որքա՜ն կյանքեր խլեց եւ շարունակում է խլել։ Տեղահանվեցինք, մեր բնականոն կյանքը խաթարվեց․․․ Այլ երկրում ապրելով՝ եւս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ հրաշալի երկիր է Ուկրաինան։ Ես ու Գերմանիայում գտնվող մյուս հարազատներս օր առաջ ուզում ենք վերադառնալ Ուկրաինա։ Մեր բոլոր պլանները, նպատակները, երազանքները կապված են Ուկրաինայի հետ։ Հույսով սպասում ենք այն օրվան, թե երբ պատերազմը կավարտվի, որ վերադառնանք մեր տուն»,- ասում է Գայանեն։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։