Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը Ադրբեջանին կոչ է արել ապահովելու քաղաքացիների ազատ եւ անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Ըստ Լյուքսեմբուրգի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության՝ Ասելբորնը հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող տագնապալի իրավիճակը եւ հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով։ «Կողմերը պետք է լուծում գտնեն երկխոսության միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաեւ, որ Ռուսաստանը պետք է եռակողմ հայտարարության համաձայն կատարի իր պարտավորությունները Լաչինի միջանցքով բեռների եւ ուղեւորների հոսքը վերականգնելու համար:
Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչությունը կողմ է արտահայտվել նաեւ, որ իրավիճակի կայունացման նպատակով Հայաստանում Եվրամիության առաքելություն տեղակայվի: