Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ մեկնարկել են Նոր Նորք եւ Նորք-Մարաշ վարչական շրջանները Երեւանի կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհների շինարարությունը: Նշվում է, որ Նոր Նորքի Գյուրջյան եւ Շոպրոնի փողոցների միացման հատվածից նոր ճանապարհ կկառուցվի դեպի Մյասնիկյան պողոտա, որտեղ նախատեսվել է կառուցել նաեւ ուղեանց (էստակադա): Այս ճանապարհը էապես կթեթեւացնի Մյասնիկյան պողոտայի վերին հատվածի ծանրաբեռնվածությունը, որտեղ առաջանում են Երեւանի այս հատվածի ամենախիտ խցանումները:
Շինարարական փուլը նախատեսված է սկսել հունիսին, իսկ արդեն տարեվերջին քաղաքացիները կերթեւեկեն նոր ճանապարհով: Ուղեանցի նախագծային եւ շինարարական փուլերը եւս 2023-ին կմեկնարկեն: Նորք-Մարաշ վարչական շրջանում Գարեգին Հովսեփյան փողոցը նոր ճանապարհով կմիանա Սարալանջի շրջանցիկ ճանապարհին: Այս նախագծով կառուցվող ճանապարհը դեպի Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջաններ երթեւեկելու այլընտրանքային ճանապարհ է: Շինարարական աշխատանքները կսկսվեն ապրիլին, եւ հունիսից մարաշցիները կօգտվեն այդքան անհրաժեշտ ճանապարհից:
«Լամբադա» կամուրջը կհիմնանորոգվի
Կամուրջների սպասարկման ծրագրով որոշում է ընդունվել ընթացիկ տարում հիմնանորոգել նաեւ բուն «Լամբադա» կամուրջը: Ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ կամուրջը ոչ միայն նորոգման, այլեւ ամրացման կարիք ունի: Նախատեսվում են կամրջի ամրացում, հեծանների նորոգում կամ փոխարինում: «Հիմնականում ջրահեռացման համակարգը հիմնանորոգելու կարիք կա: Ասֆալտի շերտը հանելուց հետո վերանորոգվելու են հեծանները, հետո կսկսվի ասֆալտապատումը»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:
Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջանները կապող տրանսպորտային եւ հետիոտնային բազմահարկ այս համալիրը կառուցվել է 1980-ականներին: Ուղեանցի ընդհանուր երկարությունը 181 մետր է։ Տարիների ընթացքում կամրջային ինքնատիպ կառուցվածքով այս հանգույցը ժողովուրդն անվանեց «Լամբադա»: