Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի եւ միջազգային զարգացման հարցերի նախարարությունը եւ Արտահանումերի վերահսկման միացյալ վարչությունը թարմացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոյի վերաբերյալ իրենց ուղեցույցը: Փոփոխությամբ հստակեցվում է հետեւյալը. «Ռազմական սարքավորումների ցանկում ներառված ապրանքների մատակարարումն այլ վերջնական օգտագործողներին, ինչպիսին են մարդասիրական, խաղաղապահ, հետազոտական կամ լրատվական կազմակերպությունները, չեն համարվի էմբարգոյի ենթակա, եթե չկա որեւէ պետության զինված ուժերի, ոստիկանության կամ անվտանգության ուժերի նկատմամբ դիվերսիայի հստակ վտանգ»։
1992-ի փետրվարին ԵԱՀԿ-ն բոլոր մասնակից երկրներից պահանջել էր էմբարգո սահմանել «Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություն ծավալող ուժերին զենքի եւ զինամթերքի բոլոր մատակարարումների վրա»։ Այս էմբարգոն դեռ գործում է։ 2014-ի հուլիսի 2-ին Միացյալ Թագավորությունը հստակեցրել էր, որ զենքի էմբարգոն տարածվում է Միացյալ Թագավորության ռազմական ցանկի (Միացյալ Թագավորության արտահանման ռազմավարական հսկողության ցոանկերի մի մասը) բոլոր ապրանքների եւ տարրերի արտահանման, մատակարարման կամ առաքման վրա, որոնք կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի շրջանում կամ Ադրբեջանի եւ Հայաստանի ցամաքային սահմանին: