ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը եւ Ջեք Ռիդը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղած նամակում գրել են, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ավերիչ հետեւանքներ ունի արդեն իսկ խոցելի տարածաշրջանի համար, որը դեռ վերականգնվում է 2020-ի ադրբեջանական հարձակման հետցնցումներից: Սենատորները շեշտել են, որ հակառակ պնդումներին, թե Լաչինի միջանցքն արգելափակել են «բնապահպանները», ակնհայտ է, որ վերջնական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանում Ալիեւի վարչակարգը: Ավելին՝ ռուսական ուժերը, որոնց վստահված է խաղաղության պահպանումը, հստակորեն ձախողել են իրենց պարտականությունները:
Նամակում սենատորները ներկայացնում են ՀՀ ԱԳՆ-ի եւ ՄԻՊ-ի հաղորդագրությունները Լաչինի միջանցքի արգելափակման նպատակների եւ հետեւանքների մասին: Նշվում է, որ Արցախում կա սննդամթերքի պակաս, ինչը լուրջ մտահոգության առիթ է: «Միացյալ Նահանգները չի կարող մի կողմ կանգնել, մինչ Ալիեւի ռեժիմն անզգամաբար սպառնում է ԼՂ քաղաքացիների կյանքին, եւ պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին՝ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունից քաղաքացիական բնակչությանը զրկելու համար»,- նշված է նամակում:
Սենատորները գոհունակություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնցով Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արվում վերականգնելու ազատ տեղաշարժը ԼՂ-ում: Ողջունելով մարդասիրական ճգնաժամ առաջացնող այս շրջափակման համար Ադրբեջանի պատասխանատվության ճանաչումը՝ սենատորները նշել են, որ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի պաշարված բնակչության համար մարդասիրական եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ հոսքը վերականգնելու ուղղությամբ:
«Պետք է աջակցենք օգնություն տրամադրելու ուղղությամբ աշխատող կազմակերպություններին եւ աշխատենք Բաքվի գործողությունների առնչությամբ մտահոգություն հայտնած մեր համախոհ գործընկերների հետ ամբողջ Եվրոպայում, որպեսզի ճնշենք Ալիեւի ռեժիմին՝ դադարեցնելու այս անընդունելի շրջափակումը»,- շեշտել են ԱՄՆ սենատորները: