Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը G-20-ում Հնդկաստանի նախագահության շրջանակում անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթնաժողովի» ժամանակ հայտարարել է, որ միջազգային գործընկերները, դրանց թվում` G-20 անդամները պետք է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրեն` դադարեցնելու ԼՂ ժողովրդի անմարդկային շրջափակումը։ Նրա պնդմամբ` անհրաժեշտ է նաեւ ճնշում գործադրել բանակցությունների սեղան վերադառնալու նպատակով։
«Շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով Ադրբեջանի կառավարության մի խումբ գործակալներ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը: Վարկաբեկելով համաշխարհային բնապահպանական օրակարգը եւ ոտնահարելով ազատ տեղաշարժի իրավունքը՝ Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում ԼՂ 120 հազար հայերի, նրանց թվում` 30 հազար երեխաների եւ մի քանի հազար հաշմանդամների»,- ասել է Միրզոյանը։
Ըստ Միրզոյանի` պատասխանատվության համարժեք մեխանիզմների բացակայությունը միայն խրախուսում է Ադրբեջանին կասկածի տակ դնել միջազգային հանրության գործողություններ ձեռնարկելու վճռականությունն ու պատրաստակամությունը։ «Անհրաժեշտ ենք համարում նաեւ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար ԼՂ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը»,- ընդգծել է ՀՀ արտգործնախարարը։