Միխայիլ Շեյթելմանը ծագումով հրեա ծրագրավորող, քաղտեխնոլոգ, քաղաքագետ եւ հրապարակախոս է։ Ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ Ներկայում ապրում է Կիեւում։
Մայդանում, երկրի գլխավոր հրապարակում, կախել էին մի հսկայական պաստառ, որի վրա գրված էր. «Ազատությունը մեր կրոնն է»։ Պատկերացնո՞ւմ եք, դուք գալիս եք Մայդան, եւ այնտեղ այդ գրությունն է. «Ազատությունը մեր կրոնն է»: Միանգամից պարզ է, որն է երկրի կարգախոսը: Այդպես, Խորհրդային Միությունում ամենուր հանդիպում էիր. «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» կարգախոսը, իսկ այստեղ՝ «Ազատությունը մեր կրոնն է»։
Ուկրաինացիները… պարտադիր չէ հարուստ լինեն, ուկրաինացիները պատրաստ են դիմանալու աղքատությանը: Երբ հիմա վախեցնում են, թե պատերազմի պատճառով կրկնակի կնվազի ՀՆԱ-ն եւ ուտելու բան չի լինի, ուկրաինացին ասում է՝ հետո ինչ, կարտոֆիլ կուտենք թխվածքիի փոխարեն։ Ազատ մարդիկ թույլ չեն տա սահմանափակել խոսքի ազատությունը։
Չգիտեմ՝ Հայաստանում ինչպես է, բայց Ուկրաինայում շուրջ 50 հեռուստաալիք կա, որոնք շուրջօրյա լուրեր են ցուցադրում: Եվ դրանք բոլորը պատկանում են տարբեր մարդկանց, ոչ թե մեկ մարդու ձեռքում են, այլ տարբեր մարդկանց: Հետեւաբար, անհնար է ինչ-որ բան թաքցնել։ Կարող ես արգելել խոսել մեկին, ութ ալիքի, բայց դրանք 50-ն են, այո, եւ այնպես չէ, որ այս կամ այն ալիքն օբյեկտիվ է, ազնիվ ու ձեզ կասի ողջ ճշմարտությունը։ Դիտեք 3-5 ալիք, լիակատար բազմազանություն… եւ կստանաք ամբողջական պատկերը:
Այո, ուկրաինացիների համար ազատությունը հիմնական կրոնն է, բացարձակապես գլխավորը։ Այլ բան քան ազատությունը, ընդունելի չէ։
Ուկրաինացիները թույլ չեն տա, որ գոնե մեկ սահմանափակում լինի: Հենց խոսքի ազատության սահմանափակման պատճառով էր, որ դուրս եկան Յանուկովիչի դեմ։ Նրանք թույլ չեն տա, որ իրենց ընտրությունը կեղծվի։ Յանուկովիչի դեմ դուրս գալով, փաստորեն դուրս եկան Կուչմայի դեմ: Դա անընդունելի էր։ Դա երեւում էր փողոցում։
Գիտեք, հիմա պատերազմ է, հիմա բողոքի ցույցեր չկան։ Հիմա պատերազմ է եւ մարդիկ դուրս չեն գալիս, բայց Կիեւի սովորական խաղաղ կյանքում, երբ քաղաքի կենտրոնով գնում ես գրասենյակ, նախ նայում ես, թե ինչ հանրահավաքներ կան։ Ամեն օր հանրահավաքներ են լինում: Մի օր կարող է ածխի հետ կապված հանրահավաք լինի, մյուս օրը՝ օդի աղտոտվածության դեմ, հեռուստատեսության… Եվ ըստ դրա քո երթուղին ես ծրագրում, այսինքն այսօր չենք անցնում այսինչ շենքի կողքով, այսօր չենք գնում այս կամ այն վայրը:
Ամեն օր 2-3 հանրահավաք է լինում, ընդ որում մեծ, ոչ թե 5 հոգանոց, այլ հազարավոր մարդիկ են հավաքվում: Համարյա ամեն օր ինչ-որ բողոքի ակցիա կա:
Հենց մի բան է լինում, միամգամից բողոքի ցույց։ Ուկրաինացիներն իմ իմացած ամենաազատասեր ժողովուրդն են։ Եվ երբ այստեղ ոմանք բողոքում էին, հիշում եմ նման մարդկանց՝ պաշտոնյաներ էին, ասում էին ի՜նչ վատ ժողովուրդ ունենք, չեն ուզում պետություն ունենալ, չեն հարգում պետությունը։ Չէ, ասում էի, քո պատկերացրած պետությունը չեն ուզում։
Այստեղ, Մայդանում ամեն ինչ կառուցված է ազատության վրա, բոլորս դուրս ենք գալու եւ վերջ։ Իրականում դա է մեզ հիմա փրկում պատերազմի ժամանակ։ Ահա թե ինչու Ուկրաինան Ռուսաստան չէ: Ռուսաստանը, ռուսական բանակը գործում են մեկ մարդու հրամանով, ինչպես գիտենք, Պուտինն է ամեն ինչ որոշում: Հետո ամեն ինչ իջնում է շղթայաբար: Ավելին, նա է կոնկրետ որոշում, ասենք,Մելիտոպոլից հետո ուր գրոհել, կամ այսօր գնդակոծե՞լ Կիեւը, թե՝ ոչ, քանի հրթիռ արձակել Կիեւի վրա: Գուցե չի ասում՝ քանի տանկ գնա, բայց ընդհանուր առմամբ, ամեն օր, այս ոգով որոշումներ է կայացնում։ Ինքն է նաեւ որոշում, թե ով հայտարարվի օտարերկրյա գործակալ, որ ալիքները փակվեն, նույնպես ինքն է որոշում։
Իսկ Ուկրաինայում ջոկատի հրամանատարն է որոշում: Ջոկատի հրամանատարն է որոշում որ անտառով գնալ հարձակման, որովհետեւ նա տեղում տիրապետում է իրավիճակին։ Պատերազմ է, բայց 80-90 տոկոսով օկուպացված Լուգանսկի նահանգապետն ինքն է որոշում, թե ինչպես կազմակերպել կյանքն այնտեղ, Լուգանսկի մարզում։ Իսկ երբ երկրի նախագահի խոսնակին, հարցնում են՝ Լուգանսկի շրջանի բնակչությանը հիմա տարհանո՞ւմ են, թե՞ ոչ, ասում է՝ ի՞նչ իմանամ, նահանգապետին հարցրեք, մենք չենք որոշողը, նահանգապետն է տեղում որոշում: Եվ դա ճիշտ է։ Բացարձակ ապակենտրոնացում է։
Ամբողջ երկիրն է այս կերպ կառուցված։ Ժողովուրդը՝ նույնպես։ Այսօր չկա այն կենտրոնը, որին պետք է հարվածել: Հիմա, եթե Պուտինը մտմտում է՝ ում սպանել հաղթելու համար, ասում է, որ Զելենսկուն պետք է սպանել։ Տե՛ր Աստված, Զելենսկին չլինի, վաղը մեկ ուրիշը կլինի։
Ուկրաինացիների բախտը բերել է, որ Զելենսկին այդպիսին է, նա շատ լավ որակներ ունի, երիտասարդ է, եռանդուն, միլիոն լավ հատկություններ ունի, նրա մասին միայն լավ բաներ կարող եմ ասել, բայց Զելենսկին չլինի, փոխարինող կլինի, այստեղ 45 միլիոն նախագահ կա։ Այնտեղ գրավեք Մոսկվան ու վերջ, այլեւս Ռուսաստան չկա։
Իսկ Կիեւը, լավ, գրավեցին Կիեւը, մայրաքաղաքը կտեղափոխվի, ասենք, Պոլտավա, Պոլտավայում մայրաքաղաքը կլինի։ Ի դեպ, երբ գրավեցին Դոնեցկը, մայրաքաղաքը տեղափոխվեց Կրամոտորսկ, չէ՞։ Մայրաքաղաքը Կրամոտորսկում էր, համալսարանը՝ Մարիուպոլում։ Այդպես էր հարմար, որոշեցին այդպես անել: Իրենք են որոշել, երկրի նախագահը չի որոշել, որ Դոնեցկի համալսարանը պետք է գնա Մարիուպոլ։ Ոչ, ռեկտորն է որոշել, որ գնալու են Մարիուպոլ, քանի որ այնտեղ ավելի շատ ուսանողներ կունենան։ Վերջ։
Ահա թե ինչու Ուկրաինան Ռուսաստան չէ։ Կառավարման կենտրոն չկա։
Ռուսաստանում մարդիկ ցանկանում են, որ իրենց ղեկավարեն: Չեմ ասի, թե նրանք ստրուկներ են… դա սխալ է: Մարդիկ սովոր են եւ ուզում են հասկանալ՝ ով է պատասխանատու իրենց համար, ով է գլխավորը: Ուզում են, որ ասող լինի՝ ինչ է իրենց պետք եւ ինչ է պետք դրա համար ու սկսում են գեղեցիկ պատմություններ հորինել։ Ահա այս մարդն ամեն ինչ կորոշի քո փոխարեն, նա կանի ամեն ինչ, նա կպաշտպանի քեզ։ Նրանց սա է պետք, իսկ ուկրաինացիներին նման բան պետք չէ, ուկրաինացիներն իրենք իրենց կպաշտպանեն ումից ասես։