Մեկ ամիս է՝ Լաչինի միջանցքը փակ է։ Կառավարության հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նպատակն է կոտրել իր հայրենիքում ապրելու՝ արցախահայության կամքը։ Նույնը պնդում են Արցախի իշխանությունները՝ հուսալով, որ միջազգային հանրությունը «անտարբեր չի գտնվի»։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության «կամքը անկոտրում է»։ Այսինքն՝ կարելի է անվերջ հուսալ, որ «մարդիկ կդիմանան»։ Արցախի Անվտանգության խորհուրդը, մինչդեռ, ակնարկում է, որ եթե Ադրբեջանի նկատմամբ ճնշում չգործադրվի, ապա «հումանիտար աղետ կլինի»։ (Բառացի մեջբերում չէ, իմաստն է փոխանցվում)։
Կառավարության նիստի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը քաղաքական Ստեփականերտին հորդորեց իրավիճակը դեպի «ավելի փակուղային» չտանող հայտարարություններ չանել, չձեռնարկել քայլեր, որ միջնորդներին թույլ կտան Արցախին քննադատել «երկխոսություն չսկսելու» կամ այն «տապալելու» համար։ Նշանակո՞ւմ է, արդյոք, որ Հայաստանը փաստացի հնարավորություն չունի սպասարկելու Արցախի ինքնորոշման թեման, եւ պաշտոնական Երեւանը Ստեփանակերտին ուղղակի հորդորում է «մնալ չափի մեջ»։
Կարելի է, իհարկե, ե՛ւ քաղաքական շահարկումներ, ե՛ւ վերագրումներ անել, բայց դրանից փաստացի իրավիճակը չի փոխվում եւ չի փոխվի։ Իհարկե, խիստ վիրավորական է, երբ իշխող ՔՊ-ական պատգամավորը հարցադրում է անում՝ «լավ է Արցախը կորցնե՞նք, թե՞ Հայաստանը», բայց պետք է հուսալ, որ քաղաքական ուղեգիծ մշակելիս ոչ թե այդ «տեսլականն» է հիմք ընդունվում, այլ իրացնելի հեռանկարը, որ ե՛ւ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն է հնարավոր պահպանել, ե՛ւ Արցախի հայկական ինքնությունը։
Երբ անցած նոյեմբերի 17-ին Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ պատրաստ է խոսելու «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների, բայց ոչ Ռուբեն Վարդանյանի հետ», Ստեփանակերտը պարտավոր էր ոչ միայն խորքով, այլեւ չափազանց զգուշավորությամբ գնահատել Ադրբեջանի նախագահի այդ խոսույթը։ Ցավոք, հետեւեց ստանդարտ-ոչ ադեկվատ պատասխան, որ Արցախ-Ադրբեջան բանակցությունները պետք է լինեն «հավասարը՝ հավասարի հետ սկզբունքով» եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով։
Որքանով է իրատեսական Ստեփանակերտի նման պատասխանը՝ երեւի պետք է փնտրել Լաչինի միջանցքը շրջափակելու հետ կապված իրավիճակի ներքին եւ արտաքին «շահառության սահմաններում»։ Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւը սպասում էր, որ «երկխոսության պատրաստակամության» իր նախաձեռնությունը Ստեփանակերտում ադեկվատ արձագանք կունենա։ Չեղավ։ Իհարկե, կարելի է մտածել, որ Իլհամ Ալիեւը «փոխզիջման է գնացել», որպեսզի Ստեփանակերտը մերժի։ Դա նրան լիուլի բավարարում է։
Բայց ո՞րն է Ստեփանակերտի «հաղթաթուղթը»։ Որքանով դիտարկվում է, Արցախի քաղաքական իսթեմբլիշմենթը «մոլորություն» ունի, թե ինչքան ճգնաժամը խորանա, այնքան Ադրբեջանը «կհայտնվի միջազգային մեկուսացման մեջ»։ Գուցե արդարացված մոտեցում է, բայց պետք է հաշվի առնել, որ Լաչինի միջանցքի իրավիճակի հանգուցալուծումն, ի վերջո, կարող է բերել նրան, որ Ադրբեջանը կդիտարկի բացառապես հումանիտար հաղորդակցության վերականգնման անհրաժեշտությունը։ Իսկ դա աղետ է։
Ճգնաժամում «արցախյան գործոնը» դիտարկվո՞ւմ է։ Մենք առհասարակ մեզ թո՞ւյլ ենք տալիս նման «համարձակ» ենթադրություն անել։ Իհարկե ոչ։ Բայց սա Ստեփանակերտն է, այստեղ մարդիկ արդեն դատում են «մի ձողիկ երշիկի» եւ «տասը տուփ ծխախոտ ունենալու» չափանիշներով։ Ճգնաժամի «խրոնիկան» տեղափոխվում է անհատական ընկալումների, գնահատման եւ, բնականաբար, անձնական որոշումների ընդունման դաշտ։ Ամենավտանգավորը դա է։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։