Գիտական շրջանակում «ապատեղեկատվություն» եզրույթը համեմատաբար նոր է։ Հետազոտողների մեծամասնությունն այն վերագրում է ռուսերեն дезинформация բառին, որը 1950-ականներին խորհրդային գիտնականները սահմանում էին որպես «հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով կեղծ հոդվածների տարածում (մամուլում, ռադիոյով եւ այլն)»: Մյուսները ենթադրում են, որ հասկացությունը ծագել է 1930-ականներին նացիստական Գերմանիայում: Երկու դեպքում էլ այն շատ ավելի երիտասարդ է (եւ ավելի քիչ օգտագործվող), քան «պրոպագանդա»-ն, որը սկիզբ է առել 1600-ականներին եւ, ընդհանուր առմամբ, ենթադրում է քաղաքական ազդեցություն ստեղծելու նպատակով տեղեկության ընտրովի օգտագործում:
Թե որքանով են «պրոպագանդա» եւ «ապատեղեկատվություն» հասկացությունները նույնական, գիտական շրջանակում այդ հարցը դեռ մնում է բանավեճի առարկա։ Ոմանք պրոպագանդան սահմանում են որպես իռացիոնալ փաստարկների օգտագործում՝ քաղաքական իդեալը առաջ տանելու կամ խարխլելու համար, իսկ ապատեղեկատվությունն օգտագործում են որպես պրոպագանդան խթանելու այլընտրանքային միջոց: Մյուսները դրանք համարում են բոլորովին առանձին հասկացություններ։
Հանրաճանաչ տարբերակումներից մեկն այն է, որ ապատեղեկատվությունը նկարագրվում է նաեւ որպես քաղաքական դրդապատճառներով համեմված հաղորդագրություններ, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն առաջացնելու հանրային անապահովություն, ապատիա, անվստահություն եւ տագնապ, որը քաղաքացիներին զրկում է սոցիալական կամ քաղաքական փոփոխությունների համար մոտիվացիայից եւ մոբիլիզացիայից:
Վերլուծաբանները հիմնականում համաձայն են, որ ապատեղեկատվությունը պարտադիր չէ, որ բաղկացած լինի բացահայտ ստերից կամ կեղծիքից: Այն կարող է պարունակել հիմնականում ճշմարիտ փաստեր, որոնք դուրս են բերվել համատեքստից կամ միախառնված են կեղծիքի հետ, որի նպատակն է աջակցել տվյալ հաղորդագրությանը կամ լրատվությանը:
Ռուսական համատեքստում հետազոտողները սահմանել են պրոպագանդան որպես Մոսկվայի արտաքին քաղաքական նպատակներն առաջ մղելու համար հետեւյալ գործողությունների շարք. հակառակորդի հայտարարությունները կամ մեղադրանքները շեղելը, իրադարձությունները քաղաքական նպատակներով խեղաթյուրելը, սեփական գործունեությունից ուշադրությունը շեղելը, շփոթեցնելը նրանց, ովքեր կարող են խոչընդոտել որեւէ դերակատարի նպատակների իրագործումը։
21-րդ դարում անհատների կամ պետությունների գոյատեւումը կախված է ստացված տեղեկության քանակից եւ որակից, ինչպես նաեւ, թե ինչպես է մարդը արձագանքում դրան: Լրատվամիջոցներն այն աղբյուրներն են, որոնց միջոցով մարդիկ եւ պետությունները ստանում եւ փոխանցում են տեղեկություն: Լրատվությունը կարող է երբեմն լինել նաեւ ապատեղեկատվության կամ պրոպագանդայի տեսքով, որը կարելի է տեսնել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում:
Ինֆորմացիան գլոբալիզացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այդ ժամանակից ի վեր միջազգային եւ տեղական լրատվամիջոցները սկսեցին ներկայացնել որեւէ հասարակության, անձի, խմբի կամ պետության շահերը՝ որպես գործիք օգտագործելով պրոպագանդան: Վերլուծաբաններն առաջարկում են մի քանի միջոց, որը կօգնի տարբերակելու կեղծ լուրերը իրական լուրերից, պրոպագանդան՝ զուտ ինֆորմացիայից։
Պետք է միշտ ինքներս մեզ հարցնել՝ ի՞նչ կարեւոր ինֆորմացիա է բացակայում տվյալ հոդվածում։ Ինչպե՞ս կարձագանքեի, եթե այստեղ այլ փաստեր շեշտադրվեին։ Կամ ի՞նչ ինֆորմացիա կպարունակեր հոդվածը եթե գրված լիներ հակառակ տեսակետը ունեցողի կողմից։ Վերոնշյալ հարցերի պատասխաններն օգնում են պարզելու՝ մեդիան պրոպագանդայի՞, թե՞ տեղեկատվության գործիք է:
Եվրամիությունում (ԵՄ) ապատեղեկատվությունը եւ պրոպագանդիստական արշավները հիմնականում կապված են քաղաքական կուսակցությունների հետ, որոնք չարաշահում են լրատվամիջոցներում ներկայացվածությունը՝ վախ եւ խաբեություն տարածելու համար: Այս ապատեղեկատվական արշավները հաճախ ընդօրինակում են ԶԼՄ-ները եւ տարածում սկանդալային բովանդակությամբ լրատվություն, որի պահանջարկը կա հասարակության շրջանում:
Օրինակ՝ Nova24TV-ի դեպքը Սլովենիայում․ պրոպագանդիստական լրատվական ալիք, որը հիմնադրել է աջակողմյան խորհրդարանական կուսակցությունը 2015 թվականին եւ մասամբ վճարվել է ստվերային փողերով: Nova24TV-ն ունի իրավաբանական հասցե, հեռուստաստուդիա եւ «թղթակիցներ», որոնք լրիվ դրույքով աշխատում են հեռուստաալիքում։
Լրատվականի սեփականության մասնաբաժինները բաժանված են աջակողմյան կուսակցության եւ Օրբանի ռեժիմի հետ կապ ունեցող բիզնեսների միջեւ։ «Ատելության գործարան» պիտակավորված լրատվական կազմակերպությունը, որը սկանդալային բովադակությամբ լրատվություն է թողարկում ընդդիմադիր հասարակական, քաղաքական գործիչների եւ իրենց իսկ պրոպագանդային դեմ արտահայտվողների մասին, գրանցված է Սլովենիայի ԶԼՄ-ների պետական ռեգիստրում, ինչը թույլ է տալիս նրանց դիմել լրատվամիջոցների պետական դրամաշնորհների եւ հանրային ֆինանսավորման այլ աղբյուրների:
Թեեւ Nova24TV-ն շուկայի մեծ մասնաբաժին չունի, դրա ազդեցությունը հասարակական կարծիքի վրա զգալի է, քանի որ հոդվածների առաջխաղացմամբ զբաղվում են կուսակցության եւ կառավարության անդամները։ Թեեւ լրատվության մեծ մասը ապատեղեկատվություն է պարունակում, որեւէ խոչընդոտի չի հանդիպում եւ հրապարակվում է։ Իսկ որոշ դեպքերում նման ապատեղեկությունը հասնում է նույնիսկ միջազգային լսարանին:
Այսպիսով, եթե Եվրահանձնաժողովը եւ Եվրախորհրդարանը լրջորեն են վերաբերվում պրոպագանդային, ապատեղեկատվության արշավներին, նրանք պետք է ուշադիր ուսումնասիրեն քաղաքական կապերը մեդիա արդյունաբերության հետ եւ պարզեն, թե ում է պատկանում տվյալ լրատվամիջոցի սեփականության իրավունքը:
Քրիստինե Խանոյան
«Թվային կայուն միջավայրի ամրապնդումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է DCN (Digital Communication Network)-ի եւ CRI (Civic Resillence Initiative)-ի կողմից Հայաստանում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ: