Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել եւ ՀՀ Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի N 1825-Ն որոշմամբ սահմանել է սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից եւ ներմուծումը ՀՀ արգելվում է վեց ամիս ժամկետով։
Որոշումն ուժի մեջ է մտել 2023-ի հունվարի 1-ից: Որոշման դրույթներին համապատասխան՝ որոշակի արտադրատեսակների ներմուծումը եւ արտահանումը ՀՀ կթույլատրվի դրանց մեջ սնդիկի թույլատրելի պարունակության կամ սնդիկի բացակայության վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումը մաքսային մարմիններին ներկայացնելու պայմանով։
Պետեկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեությամբ (ԱՏԳ) զբաղվողներին (ներմուծող, արտահանող) հորդորում է հաշվի առնել վերը նշված որոշմամբ սահմանված դրույթները՝ նախապես ապահովելով այդպիսի արտադրատեսակների մեջ սնդիկի թույլատրելի պարունակության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթային հիմնավորումների առկայությունը` մաքսային մարմիններին դրանք ներկայացնելու եւ մաքսային վարչարարության ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։