Արթիկը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի քաղաքներից է, որի նոր պատմությունը սկսվում է 1826-1828 թվականներից, երբ ռուս-պարսկական պատերազմից հետո Արեւմտյան Հայաստանի էրզրում եւ Կարս գավառներից գաղթած հայերի մի մասը վերաբնակվեց այստեղ։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեց տուֆի արդյունահանումը, ինչը պայմանավորեց բնակավայրի հետագա զարգացումը:
19-րդ դարի երկրորդ կեսին Արթիկը բնակչության թվով Արեւելյան Հայաստանի մարդաշատ վայրերից էր: Կառուցվեց երկաթուղին, հիմնվեցին արդյունաբերական ձեռնարկություններ, հոգեւոր-մշակութային եւ կրթական հաստատություններ։
Արթիկը քաղաքի կարգավիճակ ստացել է 1945 թվականին: Խորհրդային ժամանակներում եղել է զարգացած արդյունաբերական քաղաք: 25 հազար բնակչությամբ քաղաքում գործել են 20-ից ավելի մեծ ու միջին գործարաններ, ֆաբրիկաներ, արտադրական եւ արդյունահանող այլ կազմակերպություններ, որոնք ապահովել են ինչպես քաղաքի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակչության զբաղվածությունը:
Այսօր խորհրդային արտադրական հզորություններից շատերը չեն գործում, սակայն ազատ շուկայի պայմաններում արթիկցի ձեռներեցները փորձում են վերականգնել քաղաքի արդյունաբերական համբավը։ Եվ եթե արտադրություններ հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու ջանքը տալիս է տեսանելի արդյունք, նույնը դեռեւս չի կարելի ասել քաղաքի մշակութային եւ սոցիալ-կենցաղային միջավայրի մասին։