Ըստ Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոյի՝ Եվրահանձնաժողովը ԵՄ անունից մտադիր է այս շաբաթ Ուկրաինային հատկացնել նոր մակրոտնտեսական օգնություն 3 միլիարդ եվրոյի չափով։ Twitter-ի իր էջում վերջինս գրել է, որ ստորագրվել է ԵՄ-Ուկրաինա 18 միլիարդ եվրոյի չափով վարկային համաձայնագիրն ու փոխըմբռնման հուշագիրը։ Այդ միջոցները կօգնեն Ուկրաինային ծածկելու ընթացիկ տարվա անհետաձգելի բյուջետային կարիքները։ Առաջին հատկացումը 3 միլիարդ եվրոյի չափով ամենայն հավանականությամբ կկատարվի արդեն այս շաբաթվա ընթացքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ ԵՄ-ի կողմից Ուկրաինային հատկացվել է 18 միլիարդ եվրոյի օգնություն, որից առաջին փոխանցումը Կիեւը կստանա արդեն այս տարվա հունվարին։