Ըստ Եվրահանձնաժողովի ծանուցման՝ Խորվաթիան բարեհաջող կերպով անցել է եվրոյի։ «Խորվաթիայի անցումը եվրոյի բարեհաջող ավարտվել է։ Եվրոյի եւ խորվաթական նախկին ազգային արժույթ կունի զուգահեռ շրջանառության վերջին օրերին գործնականում բոլոր վճարումները կատարվել են եվրոյով»,- ասված է Եվրահանձնաժողովի պաշտոնական Twitter-ի էջում հրապարակած գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից Խորվաթիան դարձել է եվրագոտու 20-րդ անդամը։ Նշենք, որ Եվրագոտին ԵՄ շրջանակում գործող արժութային միություն է, որին անդամակցում են ԵՄ անդամ երկրները, որոնց արժույթը եվրոն է։ Այն սկսել է գործել 1999 թվականի հունվարի 1-ից։ Եվրագոտու գործարկմամբ ԵՄ-ն դարձել է միակ տարածաշրջանային միավորումը, որն անցել է տնտեսական ինտեգրացման չորրորդ փուլին՝ արժութային ինտեգրացմանը՝ ազատ առեւտրի գոտու, մաքսային միության եւ ընդհանուր շուկայի փուլերից հետո։
Եվրագոտու անդամ երկրները Եվրոպական կենտրոնական բանկին են փոխանցում դրամավարկային քաղաքականության իրականացման լիազորությունները, այդ թվում նաեւ թղթադրամների թողարկման չափի եւ մեկնարկային տոկոսադրույքների սահմանման առնչությամբ որոշումներ կայացնելու իրավունքը։