Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին Արցախի Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ: Երկրի ղեկավարը խոսել է ավելի քան մեկ ամիս տեւող շրջափակման հետեւանքների, ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Ըստ նախագահ Հարությունյանի՝ այս համատեքստում շատ կարեւոր է ներքին միասնականության պահպանումը՝ այդ գործում ընդգծելով խորհրդարանական ուժերի միահամուռ աշխատանքը:
Անդրադառնալով վերջին օրերին մամուլում եւ սոցիալական ցանցերում Արցախի ներքաղաքական կյանքի վերաբերյալ բուռն քննարկումներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ զերծ կմնա եղած շահարկումները մեկնաբանելուց, ընդամենը կարող է հստակ ասել, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա, ու չի կարելի նման բան թույլ տալ: Նախագահը համոզմունք է հայտնել. կա հստակ գիտակցում, որ մեր հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը: Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ միայն շրջափակման հետեւանքով առաջացած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծման հարցերին:
Հանդիպման ընթացքում Արցախի նախագահը պատասխանել է պատգամավորներին հուզող հարցերին: