Ղրղզստանի կառավարության որոշմամբ՝ ժամանակավորապես արգելվում է կանխիկ դոլարի դուրսբերումը երկրից։ Արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունն այն չեղարկող որոշում չի կայացրել։
Ըստ այս որոշման՝ ոչ ռեզիդենտները եւ այլ երկրի քաղաքացիները կկարողանան երկրից դուրս բերել կանխիկ ոչ ավելի, քան 5 հազար դոլար։ Ռեզիդենտները եւ Ղրղզստանի քաղաքացիները կկարողանան երկրից դուրս բերել ոչ ավելի, քան 10 հազար դոլար։ Եթե Ղրղզստանի քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող անձը դուրս է բերում երկրից 10 հազար դոլարից ավելի կանխիկ գումար, ապա սահմանաչափը գերազանցող գումարից կգերազանցվի 10 տոկոս տուրք։ Որոշմամբ՝ Ղրղզստանի սահմանապահ ծառայությանը հանձնարարվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դոլարի եւ այլ արտարժույթի՝ երկրի տարածքից դուրսբերումը կանխելու համար։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին ղրղզական ազգային բանկը հայտարարել էր, որ դոլարի պակասուրդ ունի։ Պատճառը ի հայտ եկած լոգիստիկ խնդիրներն էին եւ շուկայական սպեկուլյացիաները։ Դոլարի պակասուրդի դեմ պայքարելու համար ղրղզական ազգային բանկը մի շարք հակաճգնաժամային քայլեր էր ձեռնարկել, այդ թվում՝ մասնավոր բանկերին, դրամափոխանակման գրասենյակներին եւ փոքր վարկային կազմակերպություններին արգելելով դոլար դուրս բերել երկրից։