ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից հայտնել են, որ հանրապետությունում մեկնարկել է 2023-ի բուհական ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Հունվարի 15-ին տեղի են ունեցել «Քիմիա» եւ «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները: ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 14 քննական կենտրոնում, որոնցից 3-ը՝ Երեւանում, 11-ը՝ մարզերում: Մասնավորապես Սյունիքում՝ Գորիսում ու Կապանում, գործել է երկու, իսկ մնացած մարզերում՝ մեկական կենտրոն:
«Քիմիա» առարկայի համար հայտագրվել է 738 դիմորդ, որոնցից քննությանը մասնակցել են 718-ը: Բացակայել է 16 դիմորդ, իսկ 4-ը՝ հեռացվել: Քննությունը տեւել է 3 ժամ: «Ռուսաց լեզու» առարկայի համար հայտագրված 130 դիմորդներից քննությանը մասնակցել են 129-ը: Քննությունը տեւել է 2,5 ժամ:
Քննական հարցաշարերի ճիշտ պատասխանները տեղադրված են Գնահատման եւ թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում: Քննությունների արդյունքները կհրապարակվեն քննությունից 5 օր հետո՝ հունվարի 20-ին: Բողոքարկման համար դիմումներն ընդունվելու են հաջորդ օրը՝ հունվարի 21-ին՝ 9:00-18:00-ը, այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը:
Հիշեցման կարգով
Մնացած առարկաների քննությունները կանցկացվեն հունվարի 22-ից փետրվարի 12-ը․ հունվարի 22-ին՝ «Օտար լեզուներ», հունվարի 29-ին՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն», փետրվարի 4-ին՝ «Մաթեմատիկա», փետրվարի 5-ին՝ «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն», փետրվարի 12-ին՝ «Հայոց պատմություն» եւ «Ֆիզիկա»։