Օդի մաքրման համակարգեր արտադրող շվեյցարական IQAir ընկերությունը, որն իր պաշտոնական կայքում պարբերաբար հրապարակում է աշխարհի մայրաքաղաքներում եւ խոշոր քաղաքներում օդի որակի վարկանիշը, հայտնել է, որ 2022-ին օդի աղտոտվածության մակարդակով աշխարհում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը: Տեղի բնապահպանների կարծիքով՝ սա նաեւ բազմահարկ շենքերով Բիշքեկի քաոսային կառուցապատման հետեւանքն է, որոնք փակել են լեռների կողմից քամու հոսանքը: Որպես աղտոտման պատճառ նշվում է նաեւ այն, որ բնակչությունը ձմռանը տների ջեռուցման համար զանգվածաբար ածուխ է օգտագործում: Ըստ կայքի՝ Ղրղզստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 304 AQI (օդի որակի ինդեքս) է, ինչը համապատասխանում է «վտանգավոր» մակարդակին։
Երկրորդ տեղում Մումբայն է (Հնդկաստան)՝ 215 AQI-ով, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը գնահատվում է որպես «շատ վնասակար»: Երրորդ հորիզոնականում Դաքան է (Բանգլադեշ)՝ 196 AQI-ով, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը գնահատվում է «վնասակար»։ Оդի աղտոտվածությամբ աչքի ընկած քաղաքների «սեւ ցուցակի» առաջին տասնյակում են Տաշքենդը (Ուզբեկստան), Բաղդադը (Իրաք), Դելին, Կալկաթան (Հնդկաստան), Աքրան (Գանա), Կարաչին (Պակիստան), Կատմանդուն (Նեպալ): Օդի «լավ» մակարդակ ունեցող քաղաքների շարքում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Սան Ֆրանցիսկոն (ԱՄՆ), որին հաջորդում են Վանկուվերը (Կանադա), Սիեթլը (ԱՄՆ), Պորտլենդը (ԱՄՆ), Սիդնեյը (Ավստրալիա):
Թեեւ Երեւանը աշխարհի խոշորագույն 98 քաղաքների ցանկում առանձին տեղ չի զբաղեցրել, սակայն կայքում նշվում է, որ Երեւանում օդի աղտոտվածությունը 176 AQI է, ինչը համապատասխանում է «վնասակար» մակարդակին: Երեւանում PM2.5 մասնիկների խտությունը ներկայում 28,4 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության օդի որակի տարեկան նորմատիվային ցուցանիշը:
Հպանցիկ՝ PM2.5 մասնիկների վտանգի մասին
PM2.5 մթնոլորտային աերոզոլային մասնիկները բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա եւ ընդունակ են խոր ներթափանցել թոքերի մեջ՝ նպաստելով թոքերի քաղցկեղի 18% աճին: PM2.5 մասնիկների ազդեցությունն ամբողջ աշխարհում դարձել է 4,1 միլիոն մարդու սրտի հիվանդությունների, կաթվածի, թոքերի քաղցկեղի, թոքերի քրոնիկ հիվանդության եւ շնչառական վարակների, ընդհուպ մահվան պատճառ: Ընդհանուր առմամբ, շրջակա միջավայրում տարածված PM2.5 մասնիկներն աշխարհում վաղաժամ մահվան պատճառ դարձող ռիսկի գործոնների շարքում վեցերորդն են: