Անցած շաբաթավերջին Ստեփանակերտում «բռնկված» ներքաղաքական լարվածությունը, ինչպես մամուլն է գրում, կիրակի օրվա վերջին «մարել է»։
Ըստ տեղեկությունների՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը կշարունակի պաշտոնավարել, բայց «այլեւս քաղաքական հայտարարություններ չի անի»։ Ռուբեն Վարդանյանի անունը՝ որպես Արցախի պետական նախարարի պաշտոնի հավակնորդի, շրջանառվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ հրապարակվեց Forbes-ին նրա հարցազրույցը։
Հարցին, թե ծրագրում է պաշտոն զբաղեցնել, Վարդանյանը պատասխանել էր․ «Ո՛չ։ Ես ուզում եմ կատարյալ ազատություն ունենալ, այդ թվում՝ բարոյական տեսանկյունից։ Արցախն ամեն դեպքում տարածք է, որ մինչ օրս չունի լիարժեք որոշված կարգավիճակ, եւ այդ կոնֆլիկտային իրավիճակում ես չեմ ուզում Ռուսաստանին վնասել»։ (Ընդգծումը հեղինակինն է)
Նույն տեղում, սակայն, Վարդանյանը նախանշել էր Արցախում գործունեության նպատակներ, ի մասնավորի՝ «ձգտել սկսել հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման դժվարին ճանապարհը», որ հնարավոր է իրագործել միայն իշխանություն ունենալու դեպքում։
Ընդսմին, նա ասել էր, որ իր «հետ շփումը կարող է հեշտ լինել, քան այն մարդկանց հետ, որ Արցախում պատերազմ են անցել»։ Վարդանյանն ակնհայտորեն նկատի ուներ Ադրբեջանի հետ երկխոսությունը։
Հարցազրույցը հրապարակվել է սեպտեմբերի 5-ին՝ Լաչինը, Աղավնոն եւ Սուսը Բաքվի վերահսկողությանը հանձնելուց եւ Արցախ-Հայաստան հաղորդակցության նոր երթուղին գործարկելուց տառացիորեն մի քանի օր հետո, իսկ այդ խնդիրները «կարգավորվել էին» Բաքու-Ստեփանակերտ ուղղակի բանակցություններով, որտեղ արցախյան կողմը հիմնականում ներկայացնում էր հենց պատերազմ անցած եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Վիտալի Բալասանյանը։
Այս բանակցությունները Ռուբեն Վարդանյանին լիարժեք չէի՞ն պատկերվում։ Ըստ երեւույթին՝ այո՛։ Այլապես չէր շեշտադրի, որ շփումներն իր հետ ավելի հեշտ կլինեն, քանի որ ինքը ղարաբաղյան ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ պատերազմին չի մասնակցել, եւ մի մարդ է, որ «կարողանում է կապել անկապելին»։
Սեպտեմբեր-հոկտեմբերին Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտում քաղաքական խորհրդակցությունների մեջ էր, ապա մեկնեց եւ հայտարարեց, որ վերջնական որոշում կընդունի վերադառնալուց հետո։ Նոյեմբերի 4-ին նա նշանակվեց Արցախի պետական նախարար՝ ստանալով լայն, անգամ արտաքին գործերի նախարարությունը ղեկավարելու լիազորություններ։ Բառացիորեն հաջորդ օրը Խրամորթում հնչեց օգոստոսի 3-ի լարվածությունից հետո ադրբեջանական առաջին կրակոցը։ Հաջորդեցին հրադադարի կոպիտ խախտման այլ դեպքեր։
Նոյմեբերի 17-ին Իլհամ Ալիեւը ԵՄ Արեւելյան գործընկերության հանձնակատարի հետ հանդիպմանը հայտարարեց, որ պատրաստ է խոսելու «Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների, բայց ոչ Ռուբեն Վարդանյանի հետ»։ Ժամեր անց Արցախի պետական նախարարը ֆեյսբուքյան գրառումով հակադարձեց, որ Արցախ է եկել մշտապես ապրելու մտադրությամբ եւ լիովին համապատասխանում է արցախյան կողմից բանակցողի՝ Ալիեւի կողմից սահմանված չափանիշներին։
Հաջորդ օրը Արցախի ԱԳՆ-ն, որի աշխատանքների ուղղորդումը նախագահի հրամանագրով վերապահված է հենց պետական նախարարին, պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրեց, որ Արցախը կբանակցի «հավասարը՝ հավասարի հետ սկզբունքով» եւ միայն «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»։
Հետագա իրադարձությունները հայտնի են՝ ադրբեջանական «էկոակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի մի քանի ժամով արգելափակում, բանակցություններ, նախնական համաձայնություն, որ ադրբեջանցի «փորձագետները մեկանգամյա մուտք կունենան» Դրմբոնի ոսկու եւ Կաշենի պղնձա-մոլիբդենային հանքավայրեր, արցախցիների բողոքի ակցիա, որից հետո դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը արգելափակեց եւ առայսօր էլ անհասանելի է պահում Լաչինի միջանցքը։
Այս ամենը, երեւի, ինչպես ասում են՝ «այսբերգի երեւացող մասն է»։ Խորքում ինչ կա՝ ոչ ոք չի բացում։ Այդպես էլ հայտնի չէ, թե միջանցքը բացելու ինչ պայմաններ է ներկայացրել Բաքուն, որեւէ բանակցություն կա, թե ոչ։
Ստույգ է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական տեսակետը, որ Լաչինի միջանցքի հարցով Երեւանը Բաքվի հետ «չի բանակցում»։ Արցախի վերջին օրերի ներքաղաքական լարվածությունը կապ ունի՞ Բաքու-Ստեփանակերտ հավանական բանակցությունների հետ։
Ադրբեջանի արտգործնախարարը դեկտեմբերի 23-ին ռուսաստանցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանը «պետք է հեռանա»։ Այդ պահանջը մնո՞ւմ է ուժի մեջ։ Ի՞նչ է նշանակում մամուլի տեղեկությունը, որ Ռուբեն Վարդանյանը «քաղաքական հայտարարություններ չի անի»։ Այսինքն՝ այլեւս չի՞ ասի, որ Արցախն ընտրել է «պայքարի ճանապարհը»։ Այդ դեպքում ո՞ր ճանապարհն է օպտիմալ նկատվել վերջին մի քանի օրվա քննարկումներում։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։