Շատերը կարծում են, որ ապատեղեկատվության մասին խոսելն այլեւս արդիական չէ, քանի որ հասարակության այն հատվածը, որ հավատում է դրան, գնալով պակասում է։ Իրականում այս կարծիքը իրականությանն այնքան էլ չի համապատասխանում, որովհետեւ նույնիսկ փաստեր ստուգող մասնագետները միշտ չէ, որ միանգամից կարողանում են տարբերել ճիշտ տեղեկությունը կեղծից։
Այլմոլորակայինների, մարդագայլերի կամ երկրի տափակ լինելու մասին պատմությունները ապատեղեկատվության խիստ պարզունակ օրինակներ են եւ վաղուց արդեն չեն կիրառվում։ Այսօր տարածվող ապատեղեկատվությունը հիմնականում շատ հաջող փաթեթավորվում է որպես արժանահավատ եւ ճշմարիտ տեղեկություն, հետեւաբար այն բացահայտելու համար անհրաժեշտ են որոշ հմտություններ։
Կեղծ տեղեկություն տարածելու համար մարդիկ շատ տարբեր նպատակներ ունեն։ Ոմանք դա անում են գումար աշխատելու համար, ուրիշները փորձում են մանիպուլացնել մարդկանց, ազդել նրանց որոշումների վրա, տարածել իրենց ձեռնտու գաղափարները եւ այլն։
Դեզինֆորմացիայի բավականին տարածված տեսակ է քլիքբեյթը (clickbait)։ Սենսացիոն պատմություններ, շոկային լուսանկարներ․ այն ամենը, ինչ ընթերցողին կստիպի սեղմել նյութի վրա ու գնալ կայք։ Այս տարբերակն օգտագործվում է հնարավորինս շատ գովազդատուներ ներգրավելու համար։ Որքան շատ են կայք այցելությունները, այնքան ապրանքանիշը շահգրգռված է տվյալ կայքում գովազդներ տեղադրելու։ Այս նպատակով օրական ստեղծվում են բազմաթիվ սունկ կայքեր։ Որպես կանոն, դրանք իրենց նպատակին ծառայելուց հետո ջնջվում են եւ փոխարինվում նորերով։
Ապատեղեկատվություն տարածողների առաջին շարքերում են քաղաքական, քաղաքացիական, հասարակական կամ այլ խմբերը։ Այս դեպքում նրանց նպատակը մարդկանց մանիպուլացնելու, թյուր տեղեկություններ հրապարակելու միջոցով իրենց ձեռնտու ինֆորմացիայի եւ գաղափարների տարածումն է, այլ կերպ ասած՝ պրոպագանդան։ Հատկապես այն ուժերը, որոնք ֆինանսական լայն հնարավորություններ ունեն, կարող են իրենց թույլ տալ մեկ կամ քանի մեդիա կազմակերպություններ հիմնել, որոնք էլ դառնում են այն խողովակը, որի միջոցով տվյալ ուժը հաղորդում է իրեն հարմար ինֆորմացիան։
Հայաստանում նմանօրինակ լրատվամիջոցները բազմաթիվ են, եւ հաճախ որեւէ հեռուստաալիք կամ լրատվական կայք ասոցացվում է կոնկրետ քաղաքական ուժի հետ։ Այդպիսի մեդիաները երբեւէ չեն կարող համարվել անկախ, լինեն թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեւից։ Ցանկացած կանխակալ ինֆորմացիա, որը դուրս է համատեքստից կամ խեղաթյուրված է՝ հօգուտ հրապարակողի, համարվում է ապատեղեկատվություն։ Նման լրատվամիջոցները հատկապես ակտիվություն են դրսեւորում կարեւոր քաղաքական իրադարձությունների ֆոնին եւ իրենց պիկին հասնում ընտրությունների ժամանակ։
Ապատեղեկատվության մի հետաքրքիր տեսակ էլ երգիծանք եւ հումոր պարունակող բովանդակությունն է։ Ի տարբերություն դեզինֆորմացիայի այլ տեսակների՝ սա մարդկանց մոլորեցնելու դիտավորություն չունի։ Սատիրայի միջոցով հեղինակները ծաղրում են տարբեր երեւույթներ, իրադարձություններ կամ որ հաճախ պատահում է՝ քաղաքական գործիչների։ Չնայած այս ամենին, երբեմն մարդիկ նման տեղեկությունները լուրջ են ընդունում եւ տարածում են։ Մեր օրերում, սակայն, քաղաքական գործիչները հաճախ են այնպիսի անհեթեթություններ ասում, որ իսկապես դժվար է տարբերել՝ երգիծա՞նք է, թե՞ այդպիսի բան իրոք ասվել է։
Ապատեղեկատվության դրսեւորում է փաստերը ոչ դիտավորյալ սխալ ներկայացնելը։ Անգլերենում այն կոչվում է միսինֆորմացիա (misinformation)։ Հոդվածներ կամ ընթացիկ լուրեր պատրաստելիս լրագրողները հաճախ բավարար ժամանակ չեն ունենում փաստերը ստուգելու համար, խորապես չեն ուսումնասիրում թեման եւ այդ պատճառով ներկայացնում են ոչ ճշգրիտ փաստեր կամ հնացած տվյալներ։ Սա չի նշանակում, որ նրանք ցանկացել են մոլորեցնել ընթերցողին, այլ պարզապես ծուլացել են իրենց աշխատանքը պատշաճ կատարել։ Ամեն դեպքում լրագրողները նույնպես կարող են շփոթվել, կարեւոր է դրսեւորել բարեխղճություն եւ ժամանակին ուղղել ոչ միտումնավոր թույլ տված սխալները։
Նրանք, ովքեր ստեղծում են ապատեղեկատվություն, սովորաբար նախապես գիտեն, թե հասարակության որ շերտն է իրենց թիրախում։ Այն մարդիկ, որոնք հակված են հավատալու ցանկացած տեսակի տեղեկության, չունեն նախընտրած վստահելի լրատվամիջոցներ եւ, օրինակ, Ֆեյսբուքը ընկալում են որպես տեղեկության սկզբնաղբյուր, ապատեղեկատվության պոտենցիալ թիրախ են։ Շատ դեպքերում նույնիսկ էական չէ, թե որքան բարձր է անձի կրթական մակարդակը․ հաճախ է պատահում, երբ որեւէ ոլորտի պրոֆեսիոնալներ, ուսուցիչներ տարածում են դեզինֆորմացիա պարունակող բովանդակություն, հետեւաբար այստեղ էականը քննադատական մտածողության բացակայությունն է եւ ոչ թե կրթական ցենզը։
Յուրաքանչյուր տեղեկություն կարդալուց եւ տարածելուց առաջ կարեւոր է ունենալ մի քանի հարցի պատասխան՝ ո՞րն է նյութի սկզբնաղբյուրը, ի՞նչ կայքում է տեղադրված այն, ի՞նչ հղումներ կան նյութում, եւ ինչո՞ւ պետք է հավատամ այս տեղեկությանը։
Ապատեղեկատվության վատ հատկություններից մեկն էլ այն է, որ այն տարածվում է ձնագնդի էֆեկտով, եւ նույնիսկ ամենաանվտանգ թվացող նման բովանդակոթյունը կարող է առաջացնել երկարաժամկետ բացասական հետեւանքներ։
Ռիմա Գրիգորյան
«Թվային կայուն միջավայրի ամրապնդումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է DCN (Digital Communication Network)-ի եւ CRI (Civic Resillence Initiative)-ի կողմից Հայաստանում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ: