Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ առնվազն երկու տարով: Նախագիծն ընդունվել է դեռ անցած շաբաթ Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում։ Իսկ հունվարի 16-ին հաստատվել է դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Ընդ որում, ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկած քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ամբողջ տարածքում: Նախորդ առաքելության նման այս անգամ էլ նրանք անզեն կլինեն:
Թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու, պաշտոնապես դեռ չի հաղորդվում: Ըստ «Ազատության» տեղեկությունների, սակայն, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր եվրոպացի մասնագետ: Առաջարկվում է հստակեցնել Հայաստանի իշխանություններից սպասվող աջակցությունը: Բրյուսելը, մասնավորապես, ակնկալում է, որ Երեւանը կստանձնի ռուսական ստորաբաժանումների հետ եվրոպացիների շփումների կամ միջադեպերի կառավարման պատասխանատվությունը, ինչպես նաեւ անհրաժեշտ անձեռնմխելիություն եւ արտոնություն կտա դիտորդներին:
«Բաքուն, ի տարբերություն նախորդ երկամսյա առաքելության, այս մեկին հավանություն չի տվել: Ավելին՝ Ադրբեջանի նախագահը օրեր առաջ քննադատել էր նախաձեռնությունն ու պնդել, թե եվրոպացիներն իրենց խաբել են»,- գրում է «Ազատությունը»: Ալիեւը նաեւ պնդել էր, թե այդ քայլով Եվրամիությունն անվտանգությանը չի նպաստում, փոխարենը կասկածի տակ է դնում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ սկսված բանակցությունները Հայաստանի հետ: