ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է ավելի քան 30 օր՝ Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի եւ այլ պաշարների խիստ պակաս առաջացնելով։ Քարփենթերն Ադրբեջանին եւ Ռուսաստանին կոչ է արել անհապաղ վերականգնելու անխափան տարանցումը` պահպանելով նախկինում ստանձնած պարտավորությունները, որոնք հստակորեն ներառում են երաշխիքներ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ տեղաշարժի համար երկու ուղղություններով։
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը նաեւ շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին՝ կարեւոր օգնություն ցուցաբերելու համար, եւ կոչ է արել Ադրբեջանին՝ ապահովելու հարգանքն այս տարածքում ապրող բնակչության իրավունքների, անվտանգության եւ բարեկեցության նկատմամբ։ «ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից»,- շեշտել է Քարփենթերը:
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում վերսկսելու բովանդակալից բանակցությունները՝ լուծելու իրենց վեճերը։ «Համապարփակ խաղաղության համաձայնագիրը միակ ճշմարիտ ուղին է դեպի երկարատեւ խաղաղություն՝ հիմնված հարաբերությունների կարգավորման եւ փոխադարձ ճանաչման վրա։ Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ ենք անում հետաքննելու ենթադրյալ վայրագությունները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասել է Մայքլ Քարփենթերը: