Ըստ արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցի` համաշխարհային տնտեսության խոր հատվածայնացումը տասնամյակներ տեւած ինտեգրացիայից հետո կարող է հանգեցնել գլոբալ ՀՆԱ 7-տոկոսանոց անկման, որը որոշ երկրներում կարող է հասնել 8-12 տոկոսի։ Նույնիսկ սահմանափակ հատվածայնացումը կարող է գլոբալ ՀՆԱ-ն կրճատել 0,2 տոկոսով։ Զեկույցում նշվում է, որ ապրանքների եւ կապիտալի գլոբալ հոսքերը հավասարվել են 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամից եւ դրան հաջորդած՝ առեւտրային սահմանափակումների կտրուկ աճով աչքի ընկած տարիների մակարդակին։
Կորոնավիրուսային համավարակն ու Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա միջազգային հարաբերությունների համար դարձել են լրջագույն փորձություն եւ ուժգնացրել գլոբալացման արդյունավետության եւ առավելությունների նկատմամբ եղած կասկածամտությունը։ ԱՄՀ մասնագետները նշում են, որ առեւտրային կապերի խորացումը հանգեցրել էր աշխարհում չքավորության մակարդակի նվազման, ինչը օգտակար էր եղել նաեւ զարգացած տնտեսություն ունեցող երկրների ցածր եկամուտներ ունեցող բնակիչների համար, քանի որ առկա էին ցածր գներ։ Ու այս երեւույթը դիտվել էր երկար տարիներ։ Եվ այժմ, երբ աշխարհում խաթարվում են տասնամյակներով ձեւավորված առեւտրային կապերը, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներն են կանգնելու լուրջ խնդիրների առաջ, ինչպես նաեւ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում ապրող այն քաղաքացիները, որոնք ունեն ցածր եկամուտ։
Անդրսահմանային միգրացիայի կրճատումն էլ, ըստ ԱՄՀ մասնագետների, կբերի հյուրընկալող երկրներում աշխատուժի պակասի, միգրանտների հայրենի երկրներն էլ կզրկվեն վերջիններիս ուղարկելիք դրամական հոսքերից, որոնք ապահովում էին քիչ թե շատ տանելի գոյատեւում։ Իր հերթին կապիտալի հոսքերի կրճատումը կարող է հանգեցնել ուղիղ օտարերկրյա ներդրումների կրճատման, միջազգային համագործակցության անկումն էլ կարող է ռիսկեր ստեղծել կենսականորեն կարեւոր հանրային բարիքի գլոբալ բաշխման եւ ապահովման համար։ ԱՄՀ-ում ամենայն վստահությամբ հայտարարում են՝ իրականացված հետազոտությունների արդյունքներով որքան խորն է հատվածայնացումը կամ մասնատվածությունը, այնքան շատ են ծախսերը, իսկ տեխնոլոգիական բաժանվածությունը նկատելիորեն ավելացնում է առեւտրային սահմանափակումների բերած կորուստները։
«Ֆինանսական տարածաշրջանայնացումն» ու գլոբալ վճարումային համակարգի հատվածայնացումը հատկապես հարվածելու են ոչ բարեկեցիկ երկրներին։ Այս ամենն ի վերջո կարող է հանգեցնել նրան, որ համաշխարհային հանրությունն ի վիճակի չլինի բավարար չափով աջակցելու ճգնաժամի մեջ հայտնված չքավոր երկրներին եւ կարգավորելու սուվերեն պարտքին առնչվող խնդիրները։