ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Նիլ Բուշը հայտարարել է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի շարունակվող խափանումները եւ դրանց առնչվող հումանիտար հետեւանքները խոր մտահոգություն են առաջացնում:
«Ցավում ենք, որ թեեւ հարցը բարձրացվել է ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, էական առաջընթաց չի գրանցվել։ Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ձեռնարկելու բոլոր միջոցները մարդասիրական բեռների եւ քաղաքացիական բնակչության անխափան տեղաշարժն ապահովելու համար»,- նշել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ Միացյալ Թագավորությունը տեսնում է, որ երկու կողմն էլ մտահոգություններ ունեն 2020-ի հրադադարի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման առումով: Բրիտանացի դիվանագետը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել ձեռնարկելու բովանդակալից բանակցություններ՝ հասնելու կայուն եւ խաղաղ կարգավորման, որը կապահովի երկարատեւ խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում։
«Միացյալ Թագավորությունը մեր մշտական, անսասան եւ անվերապահ աջակցությունն է առաջարկում միջազգային մեխանիզմներին, ներառյալ ԵԱՀԿ-ին, որոնք աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությանն աջակցելու ուղղությամբ։ Ակնհայտ է, որ միայն խաղաղ երկխոսության միջոցով է հնարավոր հասնել խաղաղության»,- եզրափակել է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչը։