ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ մնա։ Ճգնաժամի շուտափույթ լուծման համար Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի եւ հայ գործընկերներին բարի կամք դրսեւորելու ու փոխադարձ ընդունելի փոխզիջումներ փնտրելու: Նա հավելել է, որ տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։
Լուկաշեւիչի համոզմամբ՝ Ղարաբաղի բնակչությունը չպետք է Բաքվի եւ Երեւանի միջեւ քաղաքական տարաձայնությունների պատանդը դառնա։ Նա շեշտել է, որ Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ եւ օգտագործվի միայն 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված նպատակների համար: «Մեր ադրբեջանցի եւ հայ գործընկերներին կոչ ենք անում բարի կամք դրսեւորելու եւ ընդունելի փոխզիջումներ գտնելու Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակի շուտափույթ լուծման, հանքերի շահագործման պարամետրերի համաձայնեցման եւ էլեկտրաէներգիայի մատակարարմանն առնչվող խնդիրների կարգավորման նպատակով»,- ասել է Լուկաշեւիչը ԵԱՀԿ նախկին խորհրդի հատուկ նիստում:
Ըստ Լուկաշեւիչի՝ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցելու դրան։ Նա նշել է, որ ռուս խաղաղապահների ջանքերով կազմակերպվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շտապօգնության եւ ավտոմեքենաների անձնակազմի անցումը Լաչինի միջանցքով, օպերատիվ վերականգնվել են գազամատակարարումը, ինտերնետի հասանելիությունը։ «Էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման պարամետրերի համաձայնեցում է կատարվում։ Ռուսական կողմը շահագրգիռ կողմերի հետ շփումներում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները լարվածությունը թուլացնելու եւ իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է ՌԴ մշտական ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ կայուն եւ երկարատեւ լուծումը հնարավոր է միայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներին անշեղորեն հետեւելով։ «Ցանկացած սադրիչ գործողություն եւ հրապարակային հարձակում ռուս խաղաղապահ զորախմբի նկատմամբ անթույլատրելի ենք համարում եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար վնասակար համարում»,- ընդգծել է Լուկաշեւիչը։ Նա շեշտել է, որ ռուս խաղաղապահներն առանցքային ներդրում են ունեցել իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը նշվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացված գագաթնաժողովում։