Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ ադրբեջանական շրջափակման պատճառով ավելի քան մեկ ամիս ծնողական խնամքից եւ ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։
Պաշտպանը նշում է, որ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «բնապահպան» ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալները եւ նրանց սպասարկող լրագրողները, ադրբեջանցիները կանգնեցրել են մեքենան։ Այնուհետեւ մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա եւ նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։
Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետեւանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետեւանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։ Ռուս խաղաղապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այնուհետեւ՝ ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։ «Ադրբեջանի կառավարության գործակալների այս լկտի պահվածքը երեխաների անձնական կյանքի կամայական եւ ապօրինի միջամտություն է, նրանց հոգեբանական անձեռնմխելիության, պատվի եւ հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգություն: Այս հանցավոր գործողություններն ամբողջությամբ բացահայտում են նրանց իրական նպատակներն ու ցանկությունները»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը։
Ստեփանյանը նշել է, որ հայերի նկատմամբ ադրբեջանցիների էթնիկ ատելությունը սահմաններ չի ճանաչում՝ թիրախավորելով անգամ անչափահաս երեխաներին։ «Այս սադրիչ եւ հանցավոր գործողությունը եւս մեկ անգամ ապացուցում է ճանապարհի արգելափակված լինելու փաստը եւ դրանով անվտանգ երթեւեկելու անհնարինությունը՝ անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ»,- շեշտել է Պաշտպանը։