Timesofisrael պարբերականը հայտնում է, որ Երուսաղեմի Հին քաղաքում հինգ տարի տեւած վերակառուցումից հետո բացվել է Հայկական թանգարան։ 1850-ականներին որպես ուխտավորների պանսիոնատ կառուցված այս շենքը ծառայել է նաեւ որպես վանք, կոտորածից փրկված հայ երեխաների որբանոց, ճեմարան եւ վերջապես` փոքրիկ թանգարան ու գրադարան։ Թանգարանի տնօրեն Ցողիկ Կարակաշյանը նշել է, որ մշակութային հաստատությունն այցելուներին կօգնի ավելի մոտիկից ճանաչելու հայերին, ինչպես նաեւ ցույց կտա, որ հայկական համայնքը Երուսաղեմի պատմության մի մասն է:
Ըստ պարբերականի՝ Երուսաղեմում բնակվում է մոտ 6000 հայ, որոնցից շատերն Արեւմտյան Հայաստանից գաղթած փախստականների ժառանգներ են: Նրանց մեծ մասը բնակվում է պատմական հին քաղաքի գլխավոր թաղամասերից մեկում, որը հարում է 12-րդ դարի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցուն։ Սակայն հայերի կապը Սուրբ քաղաքի հետ հասնում է դարերի խորքը՝ ուշ Հռոմեական կայսրության ժամանակի վանականներից եւ ուխտավորներից մինչեւ Երուսաղեմի հայ թագուհիներ։ «Այն ժամանակ, երբ Երուսաղեմը ձեռքից ձեռք էր անցնում կայսրությունների ստեղծման եւ անկման հետ մեկտեղ, հայերն այստեղ էին ապրում»,– նշված է հոդվածում:
Տեր Սահակ Բ Մաշալյանը Երուսաղեմում օրհնել է հայերին եւ ուխտավորներին
Կոստանդնուպոլսի պատրիարքարանի մամուլի խոսնակ Կորյուն Հովհան Բաղդասարյանը հայտնել է, որ այդ նույն ժամանակ Երուսաղեմում էր Կոստանդնուպոլսի հայ պատրիարք տեր Սահակ Բ Մաշալյանը: Պատրիարքարանի մեծ սրահում պատրիարքը հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ, ինչից հետո Սրբազան Հայրը օրհնել է հայերին եւ ուխտավորներին։