Գերմանական նավթ եւ գազ արտադրող Wintershall Dea ընկերությունը հեռանում է ռուսական շուկայից։ Ընկերության կայքում նախօրեին հրապարակված հայտարարությունից հայտնի է դառնում, որ Ռուսաստանում բիզնեսի շարունակումն այլեւս նպատակահարմար չի համարվում։
Wintershall Dea-ն ըստ այդմ դուրս կգա ռուսական շուկայից, հենց որ լրանան գործող պարտավորությունների ժամկետները։ Ռուսական շուկայից հեռանալը ընկերությանը կպատճառի 5,3 միլիարդ եվրոյի վնաս։ Wintershall Dea-ի գլխավոր տնօրեն Մարիո Մեհրենը մանրամասնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո իրենք վերանայել են իրենց գործունեությունը եւ բիզնեսի պլանավորման գործում Ռուսաստանում գործունեության ծավալումը հանել են օրակարգից։ «Ագրեսիվ պատերազմը անհամատեղելի է մեր արժեքների հետ։ Այն քայքայել է Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ եղած գործակցությունը»,- ընդգծել է Մարիո Մեհրենը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Wintershall Dea-ը մեղադրվել էր ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապ ունենալու համար։ Մասնավորապես կասկածներ էին ի հայտ եկել, որ գերմանական այս ընկերությունը կոնդեսատներ է մատակարարում ռուսական «Գազպրոմ» ընկերությանը, որն օգտագործվում է ռուսական ռազմական ավիացիայում։