Ըստ World Population Review-ի՝ Հնդկաստանն, անցյալ տարեվերջի տվյալներով, բնակչության թվով գերազանցել է Չինաստանին։ Ըստ այդմ՝ 2022 թվականի վերջին Հնդկաստանի բնակչության թիվը եղել է 1 միլիարդ 417 միլիոն, ինչը 5 միլիոնով ավելին է Չինաստանի բնակչության թվից նույն ժամանակահատվածում։ Հիշեցնենք, որ նախօրեին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին, որ 1960-ականներից հետո առաջին անգամ երկրի բնակչությունը կրճատվել էր 850 հազարով, եւ ներկայում Չինաստանում բնակվում է 1 միլիարդ 411 միլիոն մարդ։
World Population Review-ն հավելում է, որ ընթացիկ տարվա հունվարի 18-ի դրությամբ Հնդկաստանի բնակչության թիվը եղել է 1,423 միլիարդ։ Մեկ այլ հետազոտության համաձայն՝ այդ թիվը 1,428 միլիարդ է։
Նշենք նաեւ, որ Հնդկաստանի իշխանությունները պաշտոնապես իրենց բնակչության մասին թարմ վիճակագրություն դեռեւս չեն հրապարակել։ Հնդկական օրենսդրության համաձայն՝ մարդահամար կատարվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ։ 2021 թվականին պետք է կատարվեր, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգվել է։ ՄԱԿ-ում էլ կանխատեսում են, որ այս տարի Հնդկաստանը բնակչության թվով կգերազանցի Չինաստանին։
Ի դեպ, Հնդկաստանի բնակչության կեսը պատկանում է մինչեւ 30 տարեկան տարիքային խմբին, այսինքն՝ այդ երկրում բնակչության տարիքային կազմում գերակշռողը երիտասարդներն են։ Միաժամանակ 800 միլիոն մարդ Հնդկաստանում պետությունից ստանում է անվճար սնունդ, ինչը աշխարհում աննախադեպ պետական պարենային աջակցության ծրագիր է համարվում։
Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարի մոլորակի բնակչությունը հատեց 8 միլիարդի սահմանը, եւ որպեսզի այն ավելանա եւս 1 միլիարդով, կպահանջվի 12 տարի։