2022 թվականին Հայաստանի պետական պարտքն ավելացել է ավելի քան 1 մլրդ 400 մլն դոլարով՝ հատելով 10 մլրդ դոլարի սահմանը։ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է անցած տարվա ցուցանիշները, որոնց համաձայն՝ տարեվերջի դրությամբ մեր երկրի պետական պարտքը եղել է 10 մլրդ 638 մլն դոլար այն դեպքում, երբ 2021-ին այն 9 մլրդ 225 մլն դոլար էր։
Դրամական արտահայտությամբ, սակայն, պետական պարտքի թիվը նվազել է՝ 4 տրլն 186 մլրդ դրամ նախորդ տարվա 4 տրլն 429 միլիարդի փոխարեն։ Պարտքի առյուծի բաժինը՝ 10 մլրդ 86 մլն դոլարը, Կառավարությանն է, 551 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկինը։
Հետաքրքիր է, որ դոլարային արտահայտությամբ պետական պարտքն անցած մեկ տարում ավելացել է 15,3 տոկոսով, դրամային արտահայտությամբ՝ ընդամենը 5,5 տոկոսով։ Այստեղ իր դերն է խաղացել դոլարի արժեզրկումը, որը եթե մեկ տարի առաջ՝ մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը, 480-490 դրամ էր, գարնանից, երբ Ռուսաստանից մարդկանց ու գումարների մեծ ներհոսք եղավ, սկսեց արժեզրկվել ու հասավ 390-400 դրամի։ Բայց քանի որ պարտքի մեծ մասը միջազգային կառույցներից վերցված վարկեր են եւ եվրապարտատոմսեր, որոնք տրվում են դոլարով կամ եվրոյով, ընդունված է պարտքը ներկայացնել դոլարային արտահայտությամբ։
Ուշագրավ է, սակայն, որ անցած տարի մեր երկրի պետական պարտքն աճել է ներքին պարտքի հաշվին. եթե 2021 թվականին այն 2 մլրդ 577 մլն դոլար էր, ապա անցած տարեվերջին եղել է 4 մլրդ 186 մլն դոլար՝ ավելանալով շուրջ 62 տոկոսով։ Ներքին պարտքը հիմնականում պետական պարտատոմսերն են, որոնք ամեն տարի թողարկում է Կառավարությունն ու տեղաբաշխում։ Փոխարենը 1,3 մլրդ դոլարով նվազել է արտաքին պարտքը եւ դարձել 5 մլրդ 899 մլն դոլար 6,2 մլրդի փոխարեն։
Ճիշտ է, ներքին պարտքի՝ պարտատոմսերի տոկոսադրույքները համեմատաբար բարձր են՝ 7-10 տոկոս, այնուամենայնիվ, իշխանությունները վերջին տարիներին ավելի շատ դա եւ ոչ թե արտաքին պարտքն են ավելացնում։ Այդպիսով Կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, որ ճիշտ կլինի, եթե այդ տոկոսները վճարի ոչ թե միջազգային կառույցներին եւ ընկերություններին, այլ մեր երկրի քաղաքացիներին, որոնք էլ այդ գումարները կծախսեն մեր երկրում եւ այդպիսով կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը։
Հարկ է նաեւ նշել, որ անցած տարի պետական պարտքը ավելանալով ՀՆԱ-ի համեմատ նորից հատել էր թույլատրելի 60 տոկոսի սահմանը այն դեպքում, երբ հեղափոխության հաջորդ տարում բավականին նվազել էր։ Բայց կորոնավիրուսի համավարակի եւ 44-օրյա պատերազմի պատճառով իշխանություններն ավելացրին պետական պարտքն ու հասցրին անգամ ՀՆԱ-ի 63 տոկոսին։ 2022-ի վերջնական ցուցանիշը դեռ չի հրապարակվել, բայց իշխանությունները կանխատեսում են, որ տնտեսական աճի շնորհիվ ՀՆԱ-ն կավելանա, եւ դրա նկատմամբ կնվազի պարտքի հարաբերակցությունն ու կհամապատասխանի օրենքով սահմանված չափանիշներին։
Իսկ այս տարվա համար կանխատեսվում է, որ պետական պարտքը կավելանա եւս 389 մլրդ դրամով կամ շուրջ 9 տոկոսով։ Հավելենք, որ այս տարի պետական պարտքի մարման եւ սպասարկման համար Կառավարությունը պետք է վճարի ահռելի մեծ գումար՝ շուրջ 1,4 մլրդ դոլար։ Դրանից միայն 272 մլրդ դրամը կամ այս տարվա բյուջեի ծախսերի ավելի քան 10 տոկոսը միայն պարտքի տոկոսավճարներն են։
Ընդհանուր առմամբ առաջիկա մի քանի տարիներին պարտքի մարման ու սպասարկման գումարն այս տարվա համեմատ թեեւ մի փոքր նվազելու է, բայց շարունակելու է 1 մլրդ դոլարից ավելի լինել եւ իր պիկին է հասնելու 2026 թվականին՝ ավելի քան 1,5 մլրդ դոլար։ Այսինքն՝ Հայաստանն իր բյուջեի շուրջ մեկ քառորդը տրամադրելու է պարտքի մարմանը։ Իսկ դա բավականին մեծ ցուցանիշ է մի երկրի համար, որը շրջափակված է եւ տնտեսության զարգացման համար սահմանափակ հնարավորություններ ունի, երկու տարի առաջ պատերազմ է տարել, կանգնած է նոր պատերազմի շեմին ու պաշտպանության համակարգերը համալրելու, արդիականացնելու մեծ խնդիր ունի։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։