Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրել է ՌԴ-ից ժամանող վերաբնակների նկատմամբ Հայաստանի եւ Ղազախստանի տարբեր մոտեցումների մասին: Նշվում է, որ տարբեր կատեգորիաների ներգաղթյալների համար երկրում մնալու կանոնները խստացնելու վերաբերյալ Ղազախստանի կառավարությունը հրապարակել է հրամանագիր, որը ներառում է նաեւ Ռուսաստանը 2022-ի ընթացքում հիմնականում քաղաքական պատճառներով լքած ռուս վերաբնակիչներին:
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը դեկտեմբերի վերջին հայտնել է, որ 2022-ին երկիր է մուտք գործել 5,6 միլիոն օտարերկրացի, որից 2,9 միլիոնը՝ ռուսներ։ Նախքան Ռուսաստանում սեպտեմբերին մասնակի զորահավաքի հայտարարումը ռուսաստանցիների օրական միջին մուտքը Ղազախստան եղել է 8-9 հազար մարդ, իսկ զորահավաքի գագաթնակետին այն հասել է 30 հազարի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ է՝ նրա քաղաքացիներին թույլատրվում է առանց կացության թույլտվություն ստանալու Ղազախստանում մնալ ոչ թե 30 օր, ինչպես բոլորը, այլ երեք անգամ ավելի երկար, բայց նոր կարեւոր նախազգուշացմամբ՝ «ընդհանուր 90 օրացուցային օր՝ յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում»։
Ըստ «Կոմերսանտ»-ի՝ ի տարբերություն Ղազախստանի, Հայաստանը կարելի է համարել ռուսաստանցի վերաբնակիչներին ողջունող երկրի օրինակ։ Երեւանում հենց ռուսների հոսքի հետ են կապում տնտեսության աճը՝ տարեվերջին 13-14 տոկոս։ Զարմանալի չէ, որ էկոնոմիկայի նախարար Քերոբյանը դեկտեմբերի 26-ին հայտարարել էր. «Պետք է ամեն ինչ անել, որ վերաբնակները հնարավորինս երկար մնան Հայաստանում»։
Ըստ ղազախստանցի իրավապաշտպան Եվգենի Ժովտիսի՝ Ղազախստանն ի սկզբանե վախենում էր վերաբնակիչների հոսքից, քանի որ նրա համար, ի տարբերություն Հայաստանի, քաղաքական թերություններն ակնհայտորեն գերազանցում են տնտեսական առավելությունները։ «Կա նաեւ հյուսիսային շրջանների գործոնը, այն բնակեցված է հիմնականում ռուսներով, որոնք դիտում են ռուսական հեռուստաալիքներ եւ համակրում են Մոսկվային։ Զորահավաքի հայտարարությունից հետո սկսեցին Ղազախստան գալ նաեւ մարդիկ, որոնք շատ չեն հարգում մեր երկրի ինքնիշխանությունը»,- ընդգծել է իրավապաշտպանը։